Աշխատանքային այցով  օգոստոսի 3-ին Գյումրի է մեկնել  «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը: Այցի առիթը երկաթուղայիների մասնագիտական օրն է եղել: Ընկերության գլխավոր տնօրենը պատվոգրերով եւ հուշամեդալներով պարգեւատրել է աշխատանքում աչքի ընկած երկաթուղայիններին, որից հետո անցկացվել է փակ խորհրդակցություն:

Այնուհետեւ Շայդուլինը հայտարարել է, որ հայտաբերվել են մի շարք  թերություններ եւ հստակ հրահանգ է տվել` կարճ ժամանակում դրանք վերացնելու համար:

Ընկերության գլխավոր տնօրենը դժգոհել է աշխատակիցների անվտանգության կանոնների պահպանման ու Գյումրիի կայարանի սանիտարական վիճակից:

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է կարգավորվելու Երեւան-Բաթումի գնացքի ուղեւորների այն պահանջը, որոնց ուղերթը շաբաթ օրը Վրաստանում երկաթուղու վթարի պատճառով հետաձգվել էր, Շեւքեթ Շայդուլինը պատասխանել է, թե  «մենք հնարավորիս կարճ ժամանակում փորձել ենք հարթել առաջացած թերությունը եւ խնդիրը ժամանակին հարթել»:

Հիշեցնենք, որ  գնացքի ավելի քան  300 ուղեւորներ, այդ թվում` բազմաթիվ երեխաներ, մոտ 9 ժամ գիշերել են Գորիում, ընդ որում` քանի որ գնացքում լույս եւ օդափոխություն չի եղել, նրանք գիշերել են  կայարանի ասֆալտին` առանց սննդի եւ նվազագույն կենսապայմանների: Վերջիններս ստորագրահավաք են սկսել եւ պատրաստվում են դիմել դատարան` բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցման պահանջով: