Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի Քենթերբերիի համալսարանը տեղեկացրել է, այսպես կոչված, Չար Աստվածաշնչի կամ անառակների Աստվածաշնչի հազվագյուտ օրինակի հայտնաբերման մասին, հաղորդում է ուսումնական հաստատության կայքը։
Բաց աղբյուրների համաձայն՝ Աստվածաշնչի այս տարբերակը 1631 թվականին տպագրվել է Անգլիայում՝ սխալով։ «Մի՛ շնացիր» պատվիրանի մեջ բաց է թողնվել «մի» մասնիկը, որը դրան հակառակ նշանակությունն է տվել։ Երբ տառասխալը հայտնաբերվել է, տպաքանակը առգարվվել ու ոչնչացվել է: Սակայն մի քանի օրինակներ խուսափել են այդ ճակատագրից: Աստվածաշնչի այս տարբերակը սխալի պատճառով անվանում են Չար Աստվածաշունչ, ինչպես նաեւ՝ մեղավորների կամ անառակների Աստվածաշունչ: Այն հազվագյուտ է համարվում։
«Մինչ այժմ համարվում էր, որ պահպանված մի քանի օրինակները պահվում են Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի գրադարաններում: Սակայն այժմ Քենթերբերիի համալսարանը կարող է հայտարարել այս ուշագրավ գրքի նախկինում անհայտ օրինակի մասին»,- ասվում է համալսարանի հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է The Guardian-ը, օրինակը հայտնաբերել է ուսումնական հաստատության նախկին ուսանողուհիներից մեկը՝ նրա ընտանիքի անդամները գիրքը ձեռք են բերել կազմարարի գույքի վաճառքի ժամանակ։ Նմուշի առանձնահատկությունների մասին հայտնի է դարձել դեռեւս 2018 թվականին, սակայն համալսարանը որոշել է անմիջապես չհրապարակել իր գտածոյի մասին՝ այն ուսումնասիրելու համար։





























