Աշխարհն ականատես եղավ «Եվրոպայի եւ, թերեւս, ողջ աշխարհի անվտանգությանը սպառնացող վերջին տասնամյակների ընթացքում ամենամեծ սպառնալիքին՝ Ուկրաինա ներխուժման պատճառով»։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին, հայտնում է CNN-ը։
«Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը սպառնում է խաթարել ոչ միայն եվրոպական խաղաղությունն ու կայունությունը, այլեւ գլոբալ խաղաղությունն ու կայունությունը, որի պաշտպանության համար իմ ծնողներն ու ամերիկացիների սերունդներն այդքան պայքարել են»,- երեքշաբթի օրը Սենատի պաշտպանական բյուջեի հատկացումների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ ասել է Միլին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը գտնվում է «շատ կրիտիկական եւ պատմական աշխարհառազմավարական բեկումնային կետում», երբ ԱՄՆ զինված ուժերը պետք է «պահպանեն պատրաստականությունը եւ արդիականացվեն ապագայի համար» միեւնույն ժամանակ: «Եթե մենք դա չանենք, սպառնալիքի տակ կդնենք ապագա սերունդների անվտանգությունը»,- հավելել է Միլին:
Նա նշել է, որ աշխարհը դառնում է «ավելի անկայուն»։ «Մեծ տերությունների միջեւ խոշոր միջազգային հակամարտությունների ներուժը մեծանում է, ոչ թե նվազում»,- ասել է Միլին:





























