Մեծ Բրիտանիան 45 միլիոն ֆունտ ստեռլինգ (57 միլիոն դոլար) օգնություն կտրամադրի Ուկրաինայի հակամարտությունից տուժած ամենախոցելի խմբերին: Ինչպես նշվում է թագավորության արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, այդ միջոցները կուղղվեն ՄԱԿ-ի կառույցներին եւ մարդասիրական կազմակերպություններին։

«Բրիտանական օգնությունը կօգնի աջակցել Ուկրաինայում առավել խոցելիներին, հատկապես՝ կանանց եւ երեխաներին, ովքեր սեռական բռնության եւ շահագործման բարձր ռիսկի են բախվում», - ասել է վարչության ղեկավար Լիզ Թրասը:

15 միլիոն ֆունտ (19 միլիոն դոլար) կնվիրաբերվի ՄԱԿ-ի մարդասիրական հիմնադրամին եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին Ուկրաինայի համար: Եւս 10 միլիոն ֆունտ (12.6 միլիոն դոլար) կտրամադրվի Մոլդովայի մարդասիրական կազմակերպություններին, որոնք օգնում են փախստականներին, 5 միլիոն ֆունտ (6.3 միլիոն դոլար)՝ Կարմիր Խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային:

Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային մարդասիրական օգնության տրամադրման, ինչպես նաև ամենաշատ ուկրաինացի փախստականներ ընդունող երկրներին աջակցության տրամադրման ֆինանսական փաթեթի ընդհանուր գումարը 220 միլիոն ֆունտ (278 միլիոն դոլար) է կազմում: