Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի եւ կառավարող կոալիցիայի պատվիրակությունների միջեւ բանակցությունների երրորդ փուլն այս պահին ընթանում է կառավարության ընդունելությունների տանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Բանակցություններն ընթանում են դռնփակ: Հայտնի է միայն, որ հանդիպումից հետո մասնակիցները կշփվեն լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ հուլիսի 26-ին կայացած հանդիպումից հետո կոալիցիայի ներկայաղցուցիչ Դավիթ Հարությունյանը հայտնել էր, որ ձեւավորվել է օրակարգը, որում ընդգրկվել էր երկու հարց.

1. Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկ. «Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում եւ դրանց ազատության, արդարության եւ օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումներ»։

2. Կոալիցիայի առաջարկ. «Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձեւավորում»։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում օգոստոսի 2-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում  լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու։

Նրա խոսքով, եթե առաջիկա մեկ–երկու ամսում իշխանությունները վերջնականապես չկողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, ապա ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, եւ մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը։ «Հարկ եմ համարում շեշտել, որ սա ոչ թե վերջնագիր է, այլ ընդամենը զգուշացում։ Թեեւ իշխանության ներկայացուցիչները մերթընդմերթ հոխորտում են, թե մեզ թույլ չեն տա իրենց հետ վերջնագրերով խոսել, բայց վերջնագրի ժամանակն էլ կարող է գալ, որովհետեւ Սահմանադրությամբ դա արգելված չէ»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ-ի պատվիրակությունը ղեկավարում է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, իշխանական կոալիցիայի պատվիրակությունը` Դավիթ Հարությունյանը: