Ամերիկացի օրենսդիրները, որոնք մեծ դեր են խաղացել Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից հանելու համար այն բանից հետո, երբ Անկարան ռուսական Ս-400-ներ է գնել, կարող են հավանություն տալ F-16 գնելու Անկարայի խնդրանքին, հաղորդում է Defense News-ը։

Օրենսդիրները զգուշորեն հասկացրել են, որ կարող են թույլ տալ Թուրքիային ձեռք բերել կործանիչներ այն բանից հետո, երբ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ նման վաճառքը կարող է ծառայել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անվտանգության շահերին, գրում է Defense News-ը՝ վկայակոչելով քաղաքական գործիչների հետ հարցազրույցները։ Նրանց կարծիքով՝ ինքնաթիռների մատակարարումը կախված է Ուկրաինային Թուրքիայի աջակցությունից։

Թուրքիան 40 նորագույն F-16 ինքնաթիռներ եւ իր մարտական ինքնաթիռների համար մոտ 80 արդիական սարքավորումներ գնելու հայտ է ներկայացրել:

ԱՄՆ Պետդեպարտամենտը մարտի 17-ին Կոնգրեսին ուղղված նամակում հայտարարել է, որ ինքնաթիռների հնարավոր վաճառքը բխում է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնության շահերից։

Ռուսական զենքի գնումը ստիպել է ԱՄՆ Կոնգրեսին հեռացնել Անկարային F-35-ի ծրագրից, սակայն Թուրքիայի աջակցությունը Ուկրաինային հնարավորություն է տվել ամրապնդել իր հեղինակությունը Կապիտոլիումի բլրի վրա, հայտնում է Defense News-ը:

Վաճառքը կախված կլինի նրանից, թե արդյոք Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինային, Defence News-ին ասել են օրենսդիրները:

Թուրքիան F-16-եր գնելու ծանրակշիռ փաստարկներ է բերել, Defence News-ին ասել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ, սենատոր Ջեյմս Ռիշը: «Ես դրական եմ տրամադրված այս ուղղությամբ»,- ասել է նա։

Մեզ պետք են Թուրքիայի հետ հարաբերությունները, մենք պետք է դրանք վերականգնելու ելք գտնենք»,- ասել է Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ադամ Սմիթը:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, որը կարող է միակողմանիորեն արգելափակել Անկարային զենքի վաճառքը, ասել է, որ Կոնգրեսը պետք է որոշի՝ արդյոք Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, ինչն ակնկալվում է, հաղորդում է Defense News-ը: «Նա գործում է այնպես, որ շատ առումներով հակասում է մեր շահերին: Կարծում եմ՝ վարչակազմը պետք է դադարի ցանկալի կողմից նայել, թե ինչպիսին մենք կուզեինք, որ Թուրքիան լիներ, եւ գիտակցի, թե ինչ է Թուրքիան Էրդողանի օրոք»,- ասել է Մենենդեսը: