Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել՝ հաջակցություն Մոլդովայի Հանրապետությանը Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տալուն, հայտնում է DW-ն։
«ԵՄ-ն պետք է Մոլդովային թեկնածուի կարգավիճակ շնորհի՝ համաձայն Եվրոպական Միության մասին պայմանագրի 49-րդ հոդվածի (որի համաձայն երկիրը, որը հավատարիմ է ԵՄ արժեքներին, կարող է միանալու հավակնություն ունենալ) եւ արժանիքների հիման վրա»,- ասվում է Եվրախորհրդարանի բանաձեւում։
Փաստաթղթում Եվրահանձնաժողովին նաեւ առաջարկվում է հնարավորինս արագ ավարտել Քիշնեւի հայտի գնահատումը։ Անկախ նրանից, թե որն է եզրակացությունը, «մոլդովական իշխանություններն, անկասկած, ճիշտ ուղու վրա են՝ իրականացնելով առանցքային բարեփոխումներ, մասնավորապես ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ոլորտներում»,- ասվում է բանաձեւում։ Եվրախորհրդարանը նաեւ կոչ է արել ԵՄ-ին ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Մոլդովային՝ ինչպես նոր մակրոֆինանսական օգնության, այնպես էլ տրանսպորտային ծառայությունների եւ առեւտրի ազատականացման հետագա միջոցառումների միջոցով:
Մոլդովայի խորհրդարանը 2022 թվականի մարտի 3-ին ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել՝ հետեւելով Ուկրաինային եւ Վրաստանին։ Անցյալ շաբաթ Քիշնեւը Բրյուսելին է փոխանցել երկրի տարբեր ոլորտներում տիրող իրավիճակի մասին հարցաշարի պատասխանների առաջին մասը։ Կառավարությունը մտադիր է պատասխանների երկրորդ մասն առաջիկայում փոխանցել։ Սպասվում է, որ մինչեւ հունիսի վերջը Եվրահանձնաժողովը զեկույց կներկայացնի ԵՄ-ին միանալու Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի պատրաստակամության մասին։





























