ՆԱՏՕ-ն կրկնապատկել է իր ուժերը Արեւելյան Եվրոպայում, հարվածային խմբավորումները ամենակարճ ժամկետներում կարող են ստեղծվել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի սահմանների մոտ, ասել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր վարչության պետ, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ռուսլան Կոսիգինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հավաքական Արեւմուտքն ակտիվացրել է Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայում զորքերի խմբավորումների զգալի ավելացման միջոցառումները։ Միեւնույն ժամանակ, ուժերի եւ միջոցների զգալի մասը, որոնք իբր նախատեսված են դաշինքի արեւելյան թեւն ամրապնդելու համար, տեղափոխվել է ԱՄՆ-ի մայրցամաքային մասից եւ ներկայումս կազմում է մոտ 37,5 հազար մարդ։ Այդ թվում՝ մոտ 24 500 օտարերկրյա զինվորականներ, որոնք հագեցած են ժամանակակից հարվածային զինատեսակներով, ինչը կրկնակի գերազանցում է 2021 թվականի նույն ցուցանիշը, տեղակայված են Լեհաստանում եւ Բալթյան երկրներում»,- ասել է Կոսիգինը Բելառուսի պաշտպանության նախարարության Telegram-ալիքի իր տեսաուղերձում։
Նրա խոսքով, իրականում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի սահմանների անմիջական մերձակայքում արդեն գտնվում են ուժեր, որոնց հիման վրա ամենակարճ ժամկետում կարող են հարվածային խմբեր ստեղծվել։





























