Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) Սփյուռքի նախարարության աջակցությամբ նախատեսում է սեպտեմբերի 22-24-ին Երեւանում անցկացնել AJA առաջին համաշխարհային ցուցահանդեսը, որը նվիրվում է Հայաստանի անկախության հռչակման 20-ամյա տարեդարձին:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ անդրանիկ ցուցահանդեսն իր տեսակի մեջ բացառիկ շքեղ, իսկ բովանդակությամբ՝ բարեգործական ուղղություն ունեցող միջոցառում է, որին մասնակցելու են հայազգի ոսկերիչներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսատսանից, Ֆրանսիայաից, Իտալիայից, Թայլանդից, Լիբանանից: Կներկայացվեն հայ վարպետների թանկարժեք ոսկերչական աշխատանքներ, որոնք միեւնույն ժամանակ արվեստի բարձրարժեք նմուշներ են: «Yerevan Show»-ին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել հայերին պատկանող այնպիսի հեղինակավոր ընկերություններ, ինչպիսիք են Էստետը, Haytayan, Bergio, Tacori, Waskol, Yessayan Jewellery եւ մի շարք այլ հայտնի ընկերություններ:

Ցուցահանդեսին, ինչպես նաեւ ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելիք` «AJA-ի դերը Հայաստանի ոսկերչական արդյունաբերությունը միջազգային ոսկերչական հանրությանը ինտեգրելու գործում» խորագրով համաժողովին, ավանդույթներով հարուստ հայ ոսկերչական արվեստը պատմական հայրենիքում ներկայացվելու է իր ամբողջ բազմազանությամբ: Այս հավաքը հնարավորություն կտա ոչ միայն ճանաչել միմյանց եւ ամրապնդել կապերն աշխարհասփյուռ հայ ոսկերիչների միջեւ, այլեւ կցուցադրի արդի հայ ոսկերչության ձեռքբերումները եւ կդառնա նոր շահավետ գործարար կապերի սկիզբ: Ցուցահանդեսի շրջանակում նախատեսված է նաեւ բարեգործական ակցիա` «Նվիրիր կյանք» հիմնադրամի հետ համատեղ: