Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հիմնադրած «Առա՛ջ, Հանրապետություն» կուսակցությունը որոշել է փոխել անվանումը, հայտնում է France Bleu-ն։ Ինչպես նշել է կուսակցության գլխավոր պատվիրակ Ստանիսլաս Գերինին, քաղաքական շարժումն այսուհետ կկոչվի «Վերածնունդ»։
«Այսօր մենք նախաձեռնում ենք «Առաջ հանրապետություն» վերականգնումը, որպեսզի կարողանանք շարունակել ընդլայնել ընդամենը վեց տարի առաջ հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ստեղծված այս քաղաքական շարժումը՝ քաղաքական կուսակցության վերածելով, որը կկրի «Վերածնունդ» անվանումը»,- պարզաբանել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ կուսակցությունը կոչված է հավատարիմ մնալ Հինգերորդ Հանրապետության նախագահի կամքին եւ այն սկզբունքներին, որոնք Ֆրանսիան քարոզում է եվրոպական ասպարեզում։ Ավելին, Գերինին նաեւ հայտարարել է հունիսի սկզբին Ֆրանսիայում կայանալիք նոր խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Վերածնունդ» կուսակցության՝ աջ կենտրոնամետ MoDem-ի եւ աջ կենտրոնամետ Horizons-ի հետ կոալիցիայի շրջանակներում միաձուլման մասին:
Ապրիլի վերջին Մակրոնը համոզիչ հաղթանակ տարավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ապահովելով իր վերընտրությունը պետության ղեկավարի պաշտոնում։ Եվ հիմա նա իր կուսակցության հետ միասին պետք է անցնի այսպես կոչված քվեարկության երրորդ փուլը՝ խորհրդարանական ընտրությունները:





























