Մեր տեղեկություններն այն մասին, թե ինչ է կատարվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ, մակերեսային բնույթ են կրում, եւ ակնհայտ է, որ պաշտոնական մամուլի հաղորդագրությունների եւ որոշ պաշտոնատար անձանց հայտարարությունների միջեւ հակասություններ կան, առաջին հերթին՝ թուրքական կողմից։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։
Նրա գնահատմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունները շատ բարդ խնդիր է, եւ այս հարցի շուրջ պետք է շատ զգույշ աշխատել, որպեսզի հնարավոր հարաբերություններին լրացուցիչ վնաս չհասցվի։
«Կողմերը որոշել են հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ մանիպուլյացիաներից խուսափելու համար։ Այս տեսակետից ես ճիշտ եմ համարում այսպիսի մոտեցումը, բայց մյուս կողմից դա հնարավորություն է տալիս Թուրքիային իր ինքնուրույն խաղը խաղալ։ Խոսքը ոչ միայն Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարության մասին է, այլ բազմաթիվ այլ հայտարարություններ կան այն հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ կարող են քննարկումներ անցկացվել։ Դրանք նաեւ Էրդողանի հայտարարություններն են, թե իրենց նպատակը Հայաստանի հետ այնպիսի հարաբերություններ հաստատելն է, որին Ադրբեջանը հավանություն կտա։ Անկարան այսպիսով ընդգծում է, որ առանց Ադրբեջանի համաձայնության հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացում առաջընթացն անհնար է։
Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը միանշանակ հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հրաժարվի Ցեղասպանության մասին իր, ինչպես ինքն էր ասել, անհիմն պնդումներից, եւ որ Թուրքիայի պատմության մեջ իբր նման բան չի եղել։ Սա հակասության մեջ է մտել նախագահի «ընդհանուր վշտի մասին» հայտարարության հետ, որը նա արել է հաջորդ օրը՝ իր խոսքն ուղղելով Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքին»,- նշեց նա։
Հայ հասարակությունը, նրա կարծիքով սխալ դրված հարց է քննարկում՝ հարաբերություններ ունենա՞լ Թուրքիայի հետ, թե՞ ոչ։
«Այս տեսանկյունից մենք սկսում ենք խոսել այն մասին, թե ինչ է պետք անել, որ դրանք լինեն, ինչ փոխզիջումներ են հնարավոր։
Այս հարցին պետք է մի փոքր այլ տեսանկյունից մոտենալ։ Թո՞ւյլ են տալիս արդյոք Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները, այդ թվում՝ անվտանգության, տնտեսության, ժողովրդագրության, 44-օրյա պատերազմի հետ կապված մարտահրավերները, տարածաշրջանային ու գլոբալ գործընթացները, դիվանագիտական հարաբերությունների հաստատման գնալ Թուրքիայի հետ, թե՞ ոչ։ Թույլ կտա՞ արդյոք այս հարաբերությունների հաստատումը այս մարտահրավերների հետ կապված պատասխաններ գտնել: Թե՞ սա նոր մարտահրավերների աղբյուր ու պատճառ կդառնա։
Մենք պետք է այս կամ այն ձեւաչափով երկխոսություն վարենք Թուրքիայի հետ, որպեսզի կարողանանք մեր մոտեցումները փոխանցել Թուրքիային եւ ուղղակիորեն Անկարայից իմանալ իրենց մոտեցումների մասին։ Այս երկխոսությունը օգտակար է եւ՛ Հայաստանի, եւ՛ Թուրքիայի համար։ Բայց չի կարելի կարծել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն անմիջապես կբերի բոլոր խնդիրների լուծմանը։ Սա կամ քաղաքական միամտություն է, կամ դրա մեջ կանխամտածվածություն կա։
Արտաքին քաղաքական հարցերը հնարավոր չէ լուծել միայն դիվանագիտական ճանապարհով։ Զուգահեռ մենք պետք է աշխատենք անվտանգության համակարգի ամրապնդման, տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, աշխատել, որպեսզի պետության ղեկին լինի այնպիսի քաղաքական ուժ, որը պատրաստ է պաշտպանել ազգային շահերը։ Այս դեպքում դիվանագիտությունն էլ ավելի մեծ հնարավորություններ է ստանում, էլ ավելի շատ լծակներ արտաքին քաղաքականության մեջ։
Թուրքական կողմը շատ համառ է, նրանք լավ են պատրաստված եւ միշտ ձգտում են հասնել իրենց նպատակին, բայց նրա հետ հնարավոր է աշխատել։ Եթե հաջողվում է լեզու գտնել նրանց հետ, հաջողվում է բացատրել քո դիրքորոշումը, դրա արդարացիությունը, ապա հնարավոր է որոշակի արդյունքների հասնել։
Կարեւոր է հասկանալ, որ խոսքը ոչ թե բանակցությունների, այլ շփման մասին է: Ինչ՞ շուրջ բանակցել։ Սահմանների բացմա՞ն։ Այն Թուրքիան է փակել, նա էլ պետք է բացի։ Եթե նա դրա համար այնպիսի պայմաններ է առաջադրում, որը հայկական կողմը չպետք է ընդունի, ապա սա այլ հարց է։
Դիվանագիտությունն ինքնին փակ վակուում չէ։ Պետք է ավելի լայն աշխատել, պետք է հրապարակել մեր դիրքորոշումը Թուրքիայում, աշխատել այլ երկրների հետ, որոնք կարող են օգնել այս հարցում։ Դիվանագիտությունը հենց այն է, որ նպատակին հասնելու համար օգտագործես բոլոր հնարավորությունները: Համաշխարհային պատմությունը այնպիսի օրինակներով, երբ թույլ պետությունները դիմակայել են ուժեղներին։ Հակառակի մասին այսօր տարածված խոսակցություններն անգրագիտության դրսեւորում են։
Էրդողանի համար կարեւոր է միայն իր անձնական իշխանությունը, մնացած ամեն ինչ ստորադասվում է դրա պահպանմանն ու ամրապնդմանը։ Նա ուշադիր հետեւում է սեփական երկրում հասարակական տրամադրությունների տատանումներին եւ պատրաստ է գնալ նրան, որ դրանք իր կողմը գրավի: Չեմ բացառում, որ եթե նա հասկանա, որ կարող է դիվիդենտներ ստանալ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուց կամ իրավիճակի վատթարացումից, կարող է որոշակի քայլեր ձեռնարկել»,- ընդգծեց Միրզոյանը։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա նախկին նախարարը անբարոյական է համարում այս հարցի շուրջ ցանկացած առեւտուր անելը, հատկապես հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում։
«Մենք բոլորս պարտավորություններ ունենք մեր նախնիների հիշատակի առջեւ։ Չմոռանանք, որ Ցեղասպանությունն է ձեւավորել բոլորիս, ձեւավորել սփյուռքը, Արեւմտյան Հայաստանից բազմաթիվ փախստականներ բնակություն են հաստատել նաեւ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում։ Բազմաթիվ զոհերի հիշատակի դավաճանությունը համարում եմ անբարոյականություն.
Բացի այդ, կան նաեւ անվտանգության գործոններ։ Կարեւոր է ցույց տալ, որ Ցեղասպանությունը եղել եւ մնում է մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործությունը: Այսօր էլ մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհում ցեղասպանություններ են իրականացվում, այդ թվում՝ Թուրքիայի մասնակցությամբ։ Հայոց ցեղասպանությունը, որն անհերքելի պատմական փաստ է, հիմք է դարձել հենց «ցեղասպանություն» հասկացության ձեւավորման համար։
Այն, որ Հայոց ցեղասպանությունը համաշխարհային ողջ հանրության կողմից չի ընդունվել եւ չի դատապարտվել, ինչպես նաեւ այն, որ դրա համար պատասխանատվություն չի եղել, գայթակղություն է առաջացնում նոր Թալեաթների եւ Էնվերների առաջացման համար՝ այս հանցագործությունը կրկնելու վտանգ ստեղծելով։
Այս առումով Հայաստանը շարունակում է ցեղասպանությունների կանխարգելման նախաձեռնությունը միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում՝ դա համարելով իր պարտականությունը։ Ցեղասպանությունների կանխարգելումը բարելավում է անվտանգության ֆոնն աշխարհում, այդ թվում՝ մեզ համար։
Չավուշօղլուի կողմից Ուրուգվայի հայերին ուղղված «Գորշ գայլերի» ազգայնական ժեստը անընդունելի վարքագիծ է, որը վկայում է այսօրվա թուրքական դիվանագիտության մակարդակի մասին եւ ստվերում է բարի նպատակների մասին նրանց պնդումները։
Ակնհայտ է, որ Թուրքիայում ազգայնական տրամադրությունների աճ է նկատվում։ Այս միտումը խրախուսվում է երկրի ներկայիս իշխանությունների կողմից, որոնք այն դիտարկում են որպես մոբիլիզացիոն ռեսուրս գալիք ընտրություններում՝ Էրդողանի վարկանիշի անկման ֆոնին։ Ձախողված առաջնորդները հաճախ են փորձում ընտրություններում օգտագործել ազգայնական գործոնը։
2008 թվականին Ցյուրիխի գործընթացի ժամանակ իրավիճակը փոքր-ինչ այլ էր։ Տարածված կարծիք կա, որ թուրքական դիվանագիտությունը միշտ փայլում է, բայց այսօր թուրքական պետական ապարատում դեգրադացիա է, որը սրվել է 2016-ի հեղաշրջման փորձից հետո, երբ Էրդողանը «զտումներ» անցկացրեց նաեւ ԱԳՆ-ում՝ բերելով իրեն հավատարիմ մարդկանց։ Էրդողանի դերը արտաքին քաղաքականության հարցում մեծանում է, նա հաճախ միանձնյա է որոշումներ կայացնում։ Պատահական չէ, որ նրա քաղաքական ազդեցությունը երկրի ներսում համեմատվում է օսմանյան սուլթանների հետ»,- եզրափակեց Միրզոյանը։





























