ԼՂՀ հարավային զորամասերից մեկում իր 4 ծառայակիցների սպանության մեջ մեղադրվող Մանվել Հազրոյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:
Բանն այն է, որ օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որի դատաքննությունը տեղի էր ունենում ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում` դատավոր Հ.Դավթյանի կողմից Մանվել Հազրոյանի նկատմամբ դատավճռի հրապարակումից հետո Մ.Հազրոյանը սեղանի վրա գտնվող շիշը վերցրել եւ շպրտել է դատավորի ուղղությամբ, որից հետո Հազրոյանին ուղեկցող ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցներն ուժի գործադրմամբ ձեռնաշղթաներ են հագցրել եւ վնասազերծել նրան դատարանի դահլիճում:
Հազրոյանի պաշտպաններ Կարեն Թումանյանն ու Էդմոն Մարուքյանն իրենց հաղորդման մեջ նշում են.
«ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցները վնասազերծումից հետո դատարանի դահլիճից դուրս են հրավիրել լրագրողներին, դատավարության բոլոր մասնակիցներին եւ սկսել են ծեծի ենթարկել Մ.Հազրոյանին հենց դատարանի դահլիճում՝ դատավորի եւ պաշտպանի ներկայությամբ:
ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցներին փաստաբան` Էդմոն Մարուքյանը մոտենալով պահանջել է դադարեցնել Մանվել Հազրոյանին ծեծելը` պնդելով որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար Հազրոյանը համապատասխան պատասխանատվության կարող է ենթարկվել, իսկ եթե նրան ծեծում են իր կողմից կատարված հանցագործության համար, ապա դրա համար դատարանի կողմից նա արդեն դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Այդ պահին այն նույն ագրեսիվ տրամադրությամբ, որով խփում էին Հազրոյանին ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցները հարձակվել են փաստաբան` Էդմոն Մարուքյանի վրա եւ գոռալով փորձել են դուրս հանել դատարանի դահլիճից, որպեսզի իրենց ծեծը հանգիստ շարունակեն, սակայն տեսնելով որ փաստաբանը դուրս չի գալիս դատարանի դահլիճից, նրանցից ագրեսիայով ավելի աչքի ընկնող մայորի կոչումով աշխատակիցը հարձակվել է փաստաբանի վրա եւ ձեռքերով հրելով հասցրել դատարանի դահլիճի մյուս անկյունը որտեղ ճաղավանդակներն են տեղադրված:
Նույն պահին դատարանի դահլիճ է մտել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը եւ կոչ է արել փաստաբանին բռնության չենթարկել, որից հետո նաեւ դատավոր Դավթյանի հորդորները լսելով ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցները փաստաբանի մոտից հեռացել են եւ Հազրոյանին դատարանի դահլիճից հանելով նստեցրել կալանավորների համար նախատեսված մեքենան, որի մեջ` Հազրոյանի հարազատների պնդմամբ շարունակել են ծեծելով Հազրոյանին տեղափոխել ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարան:
Փաստաբան` Էդմոն Մարուքյանի կողմից պահանջվել է, որպեսզի Հազրոյանին ծեծող եւ իր նկատմամաբ բռնություն գործադրող աշխատակիցը ներկայանա, սակայն նա չի ներկայացել ասելով, որ ինչ անում է լավ է անում:
Գտնում ենք, որ ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցների կողմից Մ.Հազրոյանի եւ նրա պաշտպան Է. Մարուքյանի նկատմամբ կիրառված բռնություններին, որը կատարվել է դատարանի դահլիճում եւ Շուշիի քննչական մեկուսարան տեղափոխող մեքենայի մեջ պետք է տրվի համապատասխան իրավական գնահատական, որի շրջանականերում նախ պահանջում ենք սույն հաղորդման եւ մամուլում հրապարակված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցել Մանվել Հազրոյանին ծեծի ենթարկելու եւ նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ` Էդմոն Մարուքյանի լիազրությունների իրականացմանը խոչընդոտելու եւ նրա նկատամամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ:
Մանվել Հազրոյանի մարմնի վրա առաջացած բռնության հետքերն արձանագրելու նպատակով նրան անհապաղ ներկայացնել դատաբժշկական փորձագետին, որի չկատարումը կհանգեցնի ՀՀ կողմից ստանձնած «Մարդու Իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված վատ վերաբերմունքի դեպքերով արդյունավետ քննության պետության պարտավորության խախտման»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2010 թվականի նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային զորամասերում տեղի ունեցած արյունալի միջադեպի համար մեղադրվում է զինծառայող Մանվել Հազրոյանը: Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.):
Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ`Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):




























