Հունաստանը եւ ԱՄԷ-ն պայմանավորվել են համաֆինանսավորել 4 միլիարդ եվրոյի ներդրումները եւ ուսումնասիրել հետագա համագործակցությունը էներգետիկ ոլորտում, հայտնել է Հունաստանի վարչապետի գրասենյակը:

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Աբու Դաբիում հանդիպել է թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զաիդ Ալ Նահայանի հետ եւ քննարկել երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները, ինչպես նաեւ Ուկրաինայում պատերազմի ազդեցությունը, հայտնում է Reuters-ը։

«Hellenic Development Bank-ի եւ Mubadala Emirates ներդրումային հիմնադրամի միջեւ հաջող համագործակցության վերականգնումը եւ 4 միլիարդ եվրոյի ներդրումների համար համատեղ նախաձեռնության ստեղծումը առանցքային նշանակություն ունի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միցոտակիսն ասել է, որ վերականգնվող էներգետիկայի ոլորտում Եվրամիության եւ ԱՄԷ-ի միջեւ հետագա համագործակցության հնարավորություններ կան։

«Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Հունաստանը Մերձավոր Արեւելքից դեպի Եվրոպա բնական գազի դարպաս կարող է դառնալ»,- հավելել է Միցոտակիսը։ «Մենք կցանկանայինք ուսումնասիրել այս ուղղությամբ հետագա ռազմավարական համագործակցության եւ ԱՄԷ-ից միջոցների մասնակցության հնարավորությունները։

Մինչեւ 2030 թվականը վերականգնվող աղբյուրների մասնաբաժինը էներգիայի սպառման մեջ 23 տոկոսից մինչեւ 35 տոկոս ավելացնելու իր ջանքերի շրջանակներում Հունաստանը ցանկանում է տեղադրել օֆշորային հողմային սարքեր, որոնք կարող են մինչեւ 2030 թվականը արտադրել 2 գիգավատտ հզորություն, ինչը 6 միլիարդ եվրո ներդրում կպահանջի:

Երկու երկրները, ի թիվս այլ ոլորտների, ինը համաձայնագիր են ստորագրել տեխնոլոգիաների, էներգետիկայի, առողջապահության եւ այլ ոլորտներում: