Հանգստյան օրերին ԱՄՆ Միդ լճում մարդկանց էլ ավելի շատ մնացորդներ են հայտնաբերվել: Անցյալ շաբաթ նույն վայրում դիակ էին գտել տակառի մեջ, գրում է CNN-ը։

Մնացորդները հայտնաբերվել են Քելվիլ ծովածոցում։ Քլարկ շրջանի դատաբժշկական փորձագետն օգնում է պարզել մահվան պատճառը: Դա երկրորդ դին է Միդ լճից, որը երկրի ամենամեծ ջրամբարն է: Այժմ դրա մակարդակը կտրուկ իջել է։

Առաջին դին հայտնաբերվել էր մայիսի 1-ին: Ենթադրվում է, որ խոսքը «70-ականների կեսերին - 80-ականների սկզբին հրազենից իրականացված սպանության մասին է, ինչի մասին են վկայում հագուստը եւ կոշիկները, որոնցում հայտնաբերվել է զոհը»։

Լիճը շարունակում է չորանալ վերջին 15 տարվա ընթացքում, ասել է Լաս Վեգասի մայրաքաղաքային ոստիկանության սպանությունների բաժնի լեյտենանտ Ռեյ Սփենսերը՝ նշելով, որ «հավանական է, որ Միդ լիճը գցված ավելի շատ դիեր գտնվեն», քանի որ ջրի մակարդակը շարունակում է իջնել:

Արևմուտքում մոտ 40 միլիոն մարդ կախված է Կոլորադո գետից եւ դրա երկու ամենամեծ ջրամբարներից՝ Լեյք Միդից եւ Լեյք Փաուերից, որոնց մակարդակը վերջին մի քանի տարվա ընթացքում տագնապալի արագությամբ նվազել է կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած մեգաերաշտի ֆոնին:
Երկուշաբթի օրվա դրությամբ Միդ լճի ջրի մակարդակը ծովի մակարդակից բարձր էր մոտ 1052 ոտնաչափ՝ մոտ 162 ֆուտ ցածր 2000 թվականի մակարդակից, երբ այն վերջին անգամ լիքն էր համարվում: Սա ջրամբարի ջրի ամենացածր մակարդակն է 1930-ականներից ի վեր: