Անտարկտիդայի սառցաշերտի տակ հսկայական լիճ է հայտնաբերվել։ Այս մասին հոդվածը հրապարակվել է Geology ամսագրում։
Լիճը հայտնաբերվել է գեորադար ունեցող ինքնաթիռի եւ գրավիմետրի ու մագնիտոմետրի հավաքածուի միջոցով: Այն անվանել են «Ձյունե արծիվ»: Գիտնականները սկզբում կասկածել են լճի եւ նրան շրջապատող ձորի գոյության մասին, երբ սառցե շերտի արբանյակային պատկերներում հարթ իջվածք են նկատել:
«Այս լիճը, հավանաբար, պահպանում է արեւելյան Անտարկտիդայի սառցաշերտի ողջ պատմությունը, դրա սկզբնավորումը ավելի քան 34 միլիոն տարի առաջ, եւ դրանից հետո նրա աճն ու էվոլյուցիան սառցադաշտային ցիկլերի միջոցով»,- ասել է Դոն Բլանքենշիփը, հոդվածի հեղինակներից մեկը: Ձյունե արծվի երկարությունը հասնում է մոտ 50 կիլոմետրի, լայնությունը՝ 15 կիլոմետրի, իսկ խորությունը՝ 200 մետրի։ Հատակի նստվածքները ունեն 300 մետր խորություն եւ կարող են ներառել գետային նստվածքներ, որոնք ավելի հին են, քան բուն սառցե շերտը: Այսպիսով, նստվածքի ստորին շերտը կարող էր առաջանալ մինչ Անտարկտիդան կպատվեր սառցե շերտով։ Ուստի գիտնականների համար կարեւոր է հետազոտել այն, որպեսզի վերակառուցեն այս դարաշրջանի պայմանները։





























