Արտահերթ ընտրություններն այսպես թե այնպես ձեռնտու էին Հայաստանի հանրապետական կուսակցությանը, քանզի այդ ընտրություններում անկասկած հաղթանակ կտանի ՀՀԿ-ն: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ-ի խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր` օգոստոս 5-ին, լրագրողների հետ ունեցած ասուլիսի ժամանակ` մեկնաբանելով իշխող կուսակցության եւ ընդդիմադիր Հայ ազգայի կոնգրեսի միջեւ սկսված երկխոսությունը:
Հիշեցնենք, որ երկու քաղաքական ուժերի միջեւ բանակցությունների հերթական փուլը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին: «Նույնիսկ արտահերթ ընտրությունները չեն նվազեցնում դրանցում մեջ հաղթանակի վստահությունը: Բոլոր դեպքերում հաղթանակ կտանի ՀՀԿ-ն: Այդ սպասումները հիմնավորված են հասարակության աջակցությամբ եւ վստահությամբ, ինչը մենք միշտ էլ ունեցել ենք եւ շարունակում ենք ունենալ»,-ասել է Սահակյանը: Ինչպես հայտնի է, արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները հանդիսանում են ՀԱԿ-ի` կոալիցիայի հետ սկսված երկխոսության ընթացքում առաջադրված հիմնական պահանջները:
Նրա խոսքով, ՀԱԿ-ը փորձում է Հայաստանում ստեղծել երկիշխանության պատրանք: «ՀԱԿ-ը փորձում է այնպիսի պատրանք ստեղծել, թե երկրում միայն երկու ուժեր կան, եւ բանակցություններն ընթանում են նրա շուրջ, թե նրանցից մեկը կհանձնի կամ չի հանձնի իշխանությունը: Սակայն դա պատրանք է եւ ՀԱԿ-ը բնավ էլ միակ քաղաքական ուժը չէ, որի հետ մենք բանակցում ենք: Մենք համագործակցում ենք ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ կոմունիստների հետ: Ցանկացած քաղաքական ուժ կարող է մեզ հետ քննարկել իրեն հուզող հարցերը»,-ճշգրտել է ՀՀԿ-ի փոխնախագահը:
Նա նշել է, որ նախկին փորձը ցույց է տվել, որ արտահերթ ընտրությունները կարող են Հայաստանին տանել հետընթացի ուղիով:
«Հիշենք Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը 1998 թ.-ին: Այդ ժամանակ երկիրը հայտնվել էր լուրջ գաղափարական ճամփաբաժանում: Բայց Ռոբերտ Քոչարյանի կառավարությունը կարողացավ շտկել այդ բարդ իրադրությունը. Բոլորին հայտնի է, որ Քոչարյանի նախագահության տարիներին մենք ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ»,-եզրափակել է Սահակյանը:




























