Եվրամիությունը (ԵՄ) կոչ է անում անկախ հետաքննություն անցկացնել Al Jazeera-ի լրագրող Շիրին Աբու Ակիլիի մահվան կապակցությամբ, որը չորեքշաբթի առավոտյան սպանվել է փախստականների Ջենին ճամբարում իսրայելցի զինվորների եւ պաղեստինցիների միջեւ բախումները լուսաբանելիս։ Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ, որը չորեքշաբթի օրը տարածվել է Բրյուսելում։

«Եվրամիությունը խստորեն դատապարտում է Al Jazeera-ի լրագրողի սպանությունը»,- ասվում է հայտարարության մեջ: «Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ մանրակրկիտ անկախ հետաքննություն իրականացնել»։

Շիրին Աբու Ակիլին մահացու հրազենային վիրավորում է ստացել գլխին, երբ լուսաբանելիս է եղել բանակի արշավանքը, որի ընթացքում զինված բախումներ են տեղի ունեցել իսրայելցի զինվորների եւ պաղեստինցիների միջեւ։ Բացի այդ, վիրավորվել է Al Jazeera-ի պրոդյուսեր Ալի ալ-Սամուդին, որի վիճակը գնահատվում է կայուն: Ինչպես հայտնում է հեռարձակողը Twitter-ի իր էջում, երկուսն էլ կրել են «մամուլ» մակագրությամբ զրահաբաճկոններ եւ սաղավարտներ, երբ կրակի տակ են հայտնվել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ լրագրողուհին դիպուկահարի կրակոցից է սպանվել։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ ուսումնասիրում է Ջենինում իսրայելցի զինվորների եւ զինված պաղեստինցիների միջեւ փոխհրաձգության հետեւանքով թղթակիցների վիրավորվելու մասին տեղեկությունները: Բանակի մամուլի ծառայությունը չի բացառել, որ լրագրողները պաղեստինցի զինյալների ձեռքից են տուժել։ Միեւնույն ժամանակ, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը, չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Քնեսեթում (խորհրդարանում), նշել է, որ երկրի իշխանությունները պաղեստինյան կողմին կոչ են արել համատեղ դատաբժշկական փորձաքննություն եւ համատեղ հետաքննություն անցկացնել Աբու Ակիլիի մահվան կապակցությամբ, սակայն մերժում են ստացել։

Լրագրող Աբու Ակիլին ծնվել է Երուսաղեմում՝ 1971 թվականին, Բեթղեհեմից հայտնի քրիստոնյա ընտանիքում։ Նա աշխատել է տարբեր լրատվամիջոցներում, մինչեւ 1997 թվականին տեղափոխվել է Al Jazeera, որտեղ մնացել է մինչեւ վերջին պահը: