Neuralink-ի ղեկավար եւ հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ գլխում չիպերի իմպլանտացիան կօգնի մարդկանց ազատվել խշշոցից ականջներում։ Այս մասին գրում է The Sun լրատվական պորտալը՝ վկայակոչելով միլիարդատիրոջ թվիթերյան էջը։

Մասկի խոսքով՝ մինչեւ 2027 թվականը մարդիկ կկարողանան դիմել իրենց գլխում Neuralink չիպերի իմպլանտացիային՝ խշշոցից ականջներում ընդմիշտ ազատվելու համար։

Այսօր այդ հիվանդությամբ տառապում է յուրաքանչյուր երրորդ մարդ։ Հաղորդվում է, որ այն առաջացել է տրավմայի կամ բարձր ձայների տեւական ազդեցության հետեւանքով: Տեղադրվելուց հետո Neuralink չիպը կմշակի մուտքային ձայները վնասված նեյրոնների փոխարեն:

Ավելի վաղ միլիարդատերը հայտարարել էր, որ այս կերպ հնարավոր է բուժել ճարպակալումն ու անքնությունը, ինչպես նաեւ բարձրացնել մարդկանց ինտելեկտը։

Neuralink-ը Իլոն Մասկի ստարտափն է, որը զբաղվում է ուղեղում տեղադրված չիպերի մշակմամբ:

Ընկերությունը 2017-ից իր նեյրոիմպլանտները փորձարկում է կապիկների վրա։ Neuralink-երի մի քանի տարվա փորձարկումների ընթացքում 23 փորձնական պրիմատներից տանջանքներից մահացել է 15-ը: Neuralink չիպերը տեղադրվել են կապիկների գանգերի վրա անցքեր փորելու միջոցով: Մի պրիմատի մոտ  չիպի պատճառով մաշկի սուր բորբոքում է առաջացել, իսկ մյուսի մոտ ուղեղի արյունազեղում է ախտորոշվել: