Ընտրությունները կլինեն հերթական թե արտահերթ, դրանք նպատակ լինել չեն կարող, դրանք միայն միջոց են: Այդ մասին օգոստոսի 5-ին` լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր, կոալիցիայի աշխատանքային խմբի ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը:
Մեկնաբանելով մեկ այլ հանրապետականի` Գալուստ Սահակյանի հայտարարությունը, թե երկխոսությունն անիմաստ է, քանի որ միեւնույն է արտահերթ ընտրություններ չեն անցկացվելու, Գագիկ Մինասյանն ասել է. «Գալուստ Սահակյանն ասել է իր տեսակետը: Կուսակցության տեսակետը հետեւյալն է, մենք ունենք քննարկման գործընթաց եւ քննարկում ենք ցանկացած հարց»:
Դիտարկմանը, թե Հայ ազգային կոնգրեսի նպատակներից մեկն էլ արտահերթ ընտրությունների անցկացումն է, հանրապետական պատգամավորը պատասխանել է. «Արտահերթ ընտրությունները նպատակ լինել չեն կարող, դրանք միջոց են ինչ-որ խնդիր լուծելու համար:
Կարծում եմ` մեր գործընկերները տարբերում են նպատակը միջոցից, եւ կարծում եմ` այդ իմաստով մեր նպատակները շատ մոտ են` մեր ազգի եւ պետության առաջ ծառացած խնդիրների լուծումը: Պետք է քննարկել թե ինչ իրավիճակ է, որպեսզի ճիշտ լուծման հնարավորություն ստեղծվեն: Ընտրությունները կլինեն հերթական, արտահերթ դրանք նպատակ լինել չեն կարող, դրանք միայն միջոց են»,- նկատել է նա:
Հարցին, թե չի՞ բացառում արդյոք Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը, Գագիկ Մինասյանը պատասխանել է, թե Հայաստանում իրավիճակը ճգնաժամային չէ, եւ քննարկումները ընթանում են, որպեսզի իրենք համոզեն ընդդիմության իրենց գործընկերներին, որ նրանց պատկերացումները չեն համապատասխանում իրականությանը:
«Ես համոզված չեմ, որ նրանց հնարավոր կլինի համոզել, սակայն համոզված եմ, որ անաչառ ունկնդիրը կգա ճիշտ եզրակացության, այն է, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա»,- ասել է պատգամավորը:




























