Ղազախստանում ապրիլի արդյունքներով գնաճը 12 տոկոսից հասել է 13 տոկոսի։ Այս մասին հինգշաբթի կառավարության նիստին հայտարարել է Հանրապետության Ազգային բանկի նախագահ Գալիմժան Պիրմատովը։

«Ղազախստանում գնաճը, մեր կանխատեսման համաձայն, ապրիլին բոլոր բաղադրիչների գների աճի արագացման ֆոնին արագացել է մինչեւ 13.2 տոկոս՝ մարտի 12 տոկոսի համեմատ։ Պարենային ապրանքների գների տարեկան աճը 15.4 տոկոսից արագացել է մինչեւ 17.9 տոկոս։ Պարենային ապրանքների տարեկան աճի մեջ ամենամեծ ներդրումն ունեն շաքարավազը, սպիտակ կաղամբը, արեւածաղկի ձեթը»,- ասել է նա։

Նրա խոսքով, հաշվի առնելով առկա պրոգնաճային ռիսկերը, գնաճը մինչեւ տարեվերջ կպահպանվի բարձր մակարդակներում։

Ապրիլի 5-ին Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարար Ալիբեկ Կուանտիրովը հայտարարել է, որ հանրապետության կառավարությունն ընթացիկ տարվա համար գնաճի կանխատեսումը 4-6 տոկոսից բարձրացրել է մինչեւ 8-10 տոկոս: