«Իսլամական պետությունը» շաբաթ օրը իր վրա է վերցրել Սինայի թերակղզում չորեքշաբթի օրը տեղի ունեցած մահացու հարձակման պատասխանատվությունը, որի հետեւանքով զոհվել են հինգ եգիպտացի զինվորներ, հայտնում է խմբավորումը իր Telegram-ալիքում:
Եվս չորսը վիրավորվել են, երբ մայիսի 11-ի վաղ առավոտյան զինված անձինք կրակ են բացել Սինայի հյուսիսարեւելյան ափին գտնվող անվտանգության անցակետի ուղղությամբ՝ Գազայի հատվածի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռու, հայտնել են անվտանգության ծառայությունից երկու աղբյուրներ:
Զինվորների մահը հաջորդել է մայիսի 7-ին Սինայի անցակետում դարանին, որի հետեւանքով զոհվել էր 11 եգիպտացի զինվոր, ինչը դարձել է վերջին տարիների ամենամահաբեր հարձակումներից մեը, որի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետությունը»:
Եգիպտոսն ընդլայնել է հսկողությունը հյուսիսային Սինայի բնակեցված ափամերձ շրջանների վրա՝ 2018-ին գրոհայինների դեմ պայքարի խոշոր գործողություն սկսելուց հետո, սակայն ԻՊ-ի հետ կապված զինյալների հաճախակի հարձակումները շարունակվում են, հայտնում է Reuters-ը:




























