NEWS.am-ի տեղեկություններով` Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հրամանով` ոստիկանության գնդապետ Աշոտ Սահակյանն ազատվել է ՀՀ Ոստիկանության ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնից: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` հավելելով, որ նրան ազատել են ոստիկանապետի հուլիսի 30-ի հրամանով եւ նա գրանցվել է կադրերի ռեզերվում:
Ոստիկանության ակադեմիայում ոչ միայն կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, այլեւ կառուցվածքային: Աշոտ Ահարոնյանը նշեց, որ մեկ այլ հրամանով ` ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի պետի ուսումնական եւ գիտական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնին նշանակվել է Ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը: Թե ինչո՞ւ է Աշոտ Սահակյանն ազատվել աշխատանքից, հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետը որեւէ պատճառաբանություն չնշեց:
Ի դեպ, NEWS.am-ի խմբագրություն էր ահազանգել Ոստիկանական ակադեմիայի սաներից մեկի ծնողը, ով իր դժգոհությունը հայտնեց Աշոտ Սահակյանին աշխատանքից ազատելու կապակցությամբ` նշելով, որ նա շատ լավ մասնագետ էր: Ծնողը նշեց, որ իրենք պատրաստ են ստորագրահավաք կազմակերպել` նրան նույն պաշտոնում տեսնելու համար:
Հիշեցնենք, որ Աշոտ Սահակյանը մինչեւ Ոստիկանության ակադեմիայի պետի տեղակալի պաշտոնին նշանակվելը Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում: Արմեն Ղուկասյանը Ոստիկանության շտաբի պետի տեղակալ էր:




























