Հայաստանի կենտրոնական բանկը 2011 թ. առաջին կիսամյակի ընթացքում սկսել է 2011 թ. հունվարի 9-ից ուժի մեջ մտած «Ներդրումային ֆոնդերի մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներից բխող եւ իր իրավասության ներքո գտնվող իրավական ակտերի մշակման աշխատանքները:
ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդունվել են ներդրումային ֆոնդերի եւ կենսաթոշակային ֆոնդերի ստեղծման եւ գործունեության համար անհրաժեշտ ընթացակարգերն ու պահանջները սահմանող առաջնային իրավական ակտերը:
Արդեն ուժի մեջ է ներդրումային ֆոնդերի կառավարիչների (կառավարող ընկերությունների) գրանցման եւ լիցենզավորման ընթացակարգերը սահմանող Կանոնակարգ 10/01-ը: Այն հնարավոր կդարձնի ներդրումային ֆոնդի կառավարչի գրանցումն ու լիցենզավորումը (այդ թվում` օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի լիցենզավորումը), ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների գրանցումը:
Օրենսդրության համաձայն` արժեթղթերի շուկայում գործող ներդրումային ընկերությունները հնարավորություն ունեն վերագրանցվելու եւ վերալիցենզավորվելու որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ: Ուստի, նշված իրավական ակտով կարգավորվում են նաեւ այդ ընթացակարգերը:
Այսպիսով` ներկայումս իրավական դաշտը հնարավոր է դարձնում ներդրումային ֆոնդի կառավարչի գրանցումն ու լիցենզավորումը, ինչպես նաեւ ներդրումային ընկերությունների վերագրանցումն ու վերալիցենզավորումը որպես կառավարիչ: Առկա են նաեւ անհրաժեշտ ընթացակարգեր` ներդրումային ֆոնդերի եւ կենսաթոշակային ֆոնդերի (դրանց կանոնների) գրանցման, ինչպես նաեւ Հայաստանում օտարերկրյա ֆոնդի արժեթղթերի վաճառք կազմակերպելու համար:
Ընդհանուր առմամբ, օրենսդրական դաշտն այժմ ապահովում է անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը ոչ միայն կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների, այլ նաեւ ապահովագրական ընկերությունների եւ բանկերի կողմից համապատասխան կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաներով գործունեություն սկսելու համար:
Նշենք նաեւ, որ օտարերկրյա գործարար շրջանակներին ներգրավելու նպատա¬կով նշված իրավական ակտերը, դրանց ընդունմանը համընթաց, թարգմանվում են անգլերեն եւ, պատրաստ լինելուն պես, տեղադրվում Կենտրոնական բանկի կայքում:



























