«Չենք լռելու» նախաձեռնությունը պատրաստել է սլայդ-շոու կործանման եզրին հայտնված վանքերի եւ եկեղեցիների վերաբերյալ:

Տեսանյութում ներկայացված են բացառիկ կադրեր, որոնք հնարավորություն են տալիս պատկերացնելու, թե ինչպիսի՛ արժեքի կորստյան վտանգի առջեւ է այսօր կանգնած հայ ժողովուրդը:

Նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես, ասվում է.

«Հուլիսի 20-ին «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում Մայր Աթոռի տեղեկատվական բաժնի տնօրեն Վահրամ Մելիքյանը հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Ժամանակին Վեհափառ Հայրապետը դիմում էր կատարել Հուշարձանների պահպանության գործակալություն, որպեսզի այնտեղ պատրաստվեն պատմա-մշակութային կարեւորություն ունեցող վանքերի վերանորոգման նախագծերն ու նախահաշիվները եւ փոխանցվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` դրանց հիման վրա հայթայթելու անհրաժեշտ միջոցները: Այս առնչությամբ գործակալությանը հանձնարարական էր տրվել նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ցավոք, Մայր Աթոռի դիմումն ընթացք չստացավ, եւ որեւէ նախագիծ առ այսօր Մայր Աթոռին չի փոխանցվել»:

Այս հայտարարության առնչությամբ «Չենք լռելու»-ն խնդրանքով դիմել է Մշակույթի նախարարությանը, ում ենթակայության տակ է գտնվում Հուշարձանների պահպանության գործակալությանը, պարզել Կաթողիկոսի խնդրանքը եւ այն ժամանակվա նախագահի հանձնարարականը չկատարելու պատճառը:

Օգոստոսի 5-ին Մշակույթի նախարարությունը տարածել է այս հաղորդագրությունը. «Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Միքայելյանի մամուլին արված այն հայտարարության առնչությամբ, թե դիմել են ՀՀ մշակույթի նախարարություն, որպեսզի «...պատմամշակութային կարեւորություն ունեցող վանքերի վերանորոգման նախագծերն ու նախահաշիվները փոխանցվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին...», հայտնում ենք, որ նշյալի վերաբերյալ որեւէ գրություն կամ գրավոր հանձնարարական չի եղել»:

Ակնհայտ է, որ կա՛մ Մշակույթի նախարարությունը, կա՛մ Մայր Աթոռի ներկայացուցիչն ակնհայտորեն ստում է` հայ ժողովրդի պատմական ժառանգության պահպանման հարցին նայելով մատների արանքով:

Այս «տուն-տունիկին» զուգահեռ, Հայաստանի ողջ տարածքում շարունակում են անտերության մատնված «ինքնաոչնչացվել» մեր հնադարյա սրբավայրերը«: