Բաքվում «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթի անցկացման կապակցությամբ երկրի իրավապաշտպանների խումբը դիմել է մրցույթի Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Մեհրիբան Ալիեւային:

Նրանք Ադրբեջանի առաջին տիկնոջից խնդրում են մրցույթի նախաշեմին լուծել մի շարք քաղաքական բնույթի հարցեր:

Դիմումի հեղինակները բարձրացնում են քաղբանտարկյալների, խոսքի, հավաքների ազատության, սեփականության իրավունքի, հանրային հեռուստաընկերության գործունեության, վարչակարգի կոշտ պահանջների վերաբերյալ հարցեր, հաղորդում է contact.az-ը:

Դիմումի մեջ ասված է, որ վերոնշյալ բոլոր հարցերի լուծումը դրական կազդի մրցույթն անցկացնող երկրի իմիջի վրա:

Հուլիսի վերջերին Ադրբեջանում արշավ էր սկսվել` «Ազատ երաժշտություն` ոչ ազատ երկրում» վերտառությամբ: Այն կապված է մարդու իրավունքների պաշտպանության հետ, իսկ դրա նախաձեռնողներն են Քաղաքական իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, Մարդու իրավունքների ակումբը, Խաղաղության եւ դեմոկրատիայի ինստիտուտը, ինչպես նաեւ Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտը: Նախաձեռնությունը բաց է տեղական եւ արտասահմանյան կազմակերպությունների համար: