Զոհաբերության համար ընտրված ինկերի երեխաներին թմրանյութ են տվել, որպեսզի նրանք հանգստություն պահպանեն մահվանից առաջ: Նման եզրակացության են հանգել Լեհաստանից, ԱՄՆ-ից եւ Պերուից հետազոտողները, գրում է HighTech-ը։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկային զոհաբերությունը՝ կապակոչան կամ կհապակ հուչան, սովորական պրակտիկա է եղել ինկերի հասարակության մեջ: Դրանք իրականացվել են քահանաների կողմից՝ որպես բնակչությանը վերահսկելու միջոց։ Սովորաբար զոհաբերությունների արարողություններն անցկացվել են նշելու համար այնպիսի կարեւոր իրադարձություններ, ինչպիսիք են թագավորական որդու ծնունդը կամ ճակատամարտում հաղթանակը: Սովորաբար զոհաբերության համար ընտրվել են երիտասարդ կանայք եւ երեխաներ։ Նոր աշխատանքում գիտնականները ուսումնասիրել են մոտ 500 տարի առաջվա ինկերի երկու երեխաների (6 կամ 7 տարեկան) մազերի եւ եղունգների նմուշները:

Նմուշները հետազոտելիս նրանք հայտնաբերել են թմրանյութերի փոքր քանակություն, ինչպես նաեւ ծաղկած որթատունկի երկու միացություններ, որոնք, ինչպես հայտնի է, օգտագործվել են այահուասկա պատրաստելու համար: Սա էնթեոգեն եւ հալյուցինոգեն թուրմ-ըմպելիք է, որն ավանդաբար պատրաստել են Ամազոնի ավազանի հնդկացիական ցեղերի շամանները, եւ օգտագործվել է տեղացիների կողմից՝ «ոգիների հետ շփվելու համար»։ Սակայն հետազոտողները նշում են, որ իրենք չեն գտել մյուս բուսական ալկալոիդի առկայության ապացույց, որը այահուասկայի եւս մեկ կարեւոր բաղադրիչ է:

Պարզ չէ՝ դրա բացակայությունը միտումնավոր, թե ուղղակի պատահականություն է եղել։ Այնուամենայնիվ դա նշանակում է, որ երեխաներին տրված դեղամիջոցները հալյուցինացիաներ չեն առաջացրել։ Դրանք հանգստացրել են նրանց՝ հեշտացնելով շամանների համար զոհաբերության գործընթացը։

Գիտնականները նշում են, որ երեխաները մահից շաբաթներ առաջ պետք է իմանային, թե ինչ է տեղի ունենալու իրենց հետ։ Զոհաբերության համար ընտրված ինկերը գալիս էին ամբողջ կայսրությունից, ինչը նշանակում էր երկար ճանապարհորդություն մինչ ծիսակարգը: Թմրամիջոցների օգտագործումը կարող էր օգնել նրանց ենթարկվել ուրիշների կամքին: Հետազոտողները նշում են, որ զոհերին հանգստացնող դեղամիջոցներ տալը, ըստ երեւույթին, արդյունավետ է եղել՝ իսպանացի գաղութարարները գրել են, որ իրենք ականատես են եղել ինկերի զոհաբերության ծեսերին, երբ զոհերը թվացել են հանգիստ եւ պատրաստ մահապատժի: