Եվրամիության որոշումը ռուսաստանցի միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյի պատժամիջոցները նրա կնոջ վրա տարածելու մասին «իրատեսական» չէ, քանի որ նա երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել եւ չի ապրել Ռուսաստանում, շաբաթ օրը հայտարարել է զույգի ներկայացուցիչը, տեղեկացրել է Reuters-ը։

Ալեքսանդրա Մելնիչենկոն, որը ծնվել է Բելգրադում եւ սերբական ու խորվաթական քաղաքացիություն ունի, «եռանդուն վիճարկելու է իր դեմ անհաջող որոշումը», տեղեկացրել է Մելնիչենկոյի ներկայացուցիչը Reuters-ին։

Մայիսին Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ Մելնիչենկոն կնոջն է զիջել ածխի SUEK ԲԸ-ի եւ EuroChem Group AG պարարտանյութերի արտադրության ընկերության սեփականության իրավունքը մարտի 8-ին, ԵՄ պատժամիջոցների ցուցակում իրեն մտցնելուց մեկ օր առաջ։

ԵՄ-ը Մելնիչենկոյի կնոջ դեմ պատժամիջոցներ է մտցրել ուրբաթ, Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հակամարտության պատճառով մտցված պատժամիջոցների վեցերորդ ռաունդի շրջանակում։ ԵՄ-ում հայտարարել են, որ Ալեքսանդրա Մելնիչենկոն «լավ է օգտվում ամուսնու կարողությունից եւ շահ ունի նրա հարստությունից»։