ԱՄՆ-ի երկարաժամկետ նպատակը ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի փլուզումն է։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւը։
«ԱՄՆ-ն մեծ գումարներ է ծախսում հետխորհրդային տարածքի երկրներում իրավիճակը խարխլելու համար։ ԱՄՆ-ն աջակցում է ոչ կառավարական կազմակերպություններին, որոնց գործունեությունն ուղղված է ԱՊՀ երկրների տնտեսական եւ մշակութային փոխգործակցության թուլացմանը։ Օրինակ, Ատլանտյան խորհուրդը, Վիլսոն կենտրոնի աջակցությամբ, ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ընդդիմադիր եւ հակառուսական փորձագետներին եւ քաղաքագետներին:
Տարեկան միլիոնավոր դոլարներ են հատկացվում Վաշինգտոնի կողմից ընդդիմադիր մտածողություն ունեցող հասարակական կարծիքի առաջնորդների վերապատրաստման տարբեր ծրագրերի իրականացման համար։
Իրավական միջավայրի բարելավման ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից, նպատակ ունի մշակել օրենքներ, որոնք գործողությունների անսահմանափակ ազատություն են ապահովում Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ընդդիմության համար:
ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող մոտ հարյուր ոչ կառավարական լրատվական գործակալություններ կան, որոնք բացվել են վերջին տասնամյակում հարեւան երկրներում։ ԱՄՆ-ի եւ եվրոպական մի շարք երկրների դեսպանատները դրամաշնորհներ են տրամադրում եւ կազմակերպում ԱՊՀ երկրների պետական ծառայողների վերապատրաստում։ ԱՄՆ-ն նաեւ նպատակ ունի փոխել դպրոցական եւ համալսարանական կրթությունը՝ աջակցելով առաջատար ուսանողների կարճաժամկետ ուղեւորություններին Ամերիկա»,- ասել է նա։
Նրա խոսքով, Արեւմուտքը չի կարող կործանել ԱՊՀ երկրների տնտեսությունը, սակայն փորձում է անել առավելագույնը։





























