Բունդեսբանկն իջեցրել է Գերմանիայի տնտեսության աճի կանխատեսումները եւ գնաճի կտրուկ ավելացում է կանխատեսել, քանի որ սննդամթերքների եւ վառելիքի գների աճը նվազեցրել է տնային տնտեսությունների գնողունակությունը եւ խափանել վստահությունը, տեղեկացրել է Reuters-ը։
Գերմանիայի կենտրոնական բանկը ներկայում կանխատեսում է գների 7,1 տոկոսի աճ, ինչը շատ ավելի բարձր է դեկտեմբերին կանխատեսվող 3,6 տոկոսից, այն դեպքում, երբ 2023թ. ցուցանիշը բարձրացված էր 4,5-ի՝ 2,2 տոկոսից։
«Գնաճն այս տարի անգամ ավելի ուժեղ կլինի, քան 1980-ականների սկզբին»,- ասել է Բունդեսբանկի նախագահ Յոահիմ Նագելը՝ նկատի ունենալով սպառողական գների բարձր աճը։
«Գնային ճնշումը վերջին ժամանակներս նորից ուժեղացել է, ինչը լիովին չի արտացոլվել ներկա կանխատեսումներում»,- նշել է նա։ «Եթե ենթադրվում է, որ այս զարգացումը շարունակվելու է, (գնաճի) միջին տարեկան մակարդակը 2022թ. կարող 7 տոկոսից զգալի բարձր լինել»։
2024թ.՝ Բունդեսբանկի կանխատեսումների վերջին տարում, գնաճը սպասվում է 2,6 տոկոսի մակարդակում, ինչը շատ ավելի բարձր է ԵԿԲ-ի 2 տոկոս ցուցանիշից եվրագոտու համար։
«Գնաճի մակարդակը եվրագոտում ինքնին չի իջնի»,- ավելացրել է Նագելը։ «Դրամական քաղաքականությունը նպատակ ունի նվազեցնել գնաճն ի հաշիվ վճռական գործողությունների»։
ԵԿԲ-ն հինգշաբթի հայտարարել էր, որ հուլիսին 25 բազիսային կետով կբարձրացնի տոկոսադրույքները, իսկ սեպտեմբերին կարող է էլ ավելի մեծ բարձրացում պահանջվել։
Ինչ վերաբերում է աճին, Գերմանիայի կենտրոնական բանկը ներկայում կանխատեսում է Եվրոպայի խոշորագույն տնտեսության աճ 1,9 տոկոսով, ինչը կազմում է դեկտեմբերին կանխատեսվող 4,2 տոկոսի կեսը, այն դեպքում, երբ սպասվող աճը 2023թ. իջեցվել էր 2,4-ի՝ 3,2 տոկոսից։
Չնայած կրճատմանը՝ 2022թ. աճի կանխատեսումը դեռեւս փոքր-ինչ լավատեսական է, քան Եվրոպական հանձնաժողովի 1,6 տոկոսանոց գնահատականը Գերմանիայի համար։ «Կանխատեսումների բազային սցենարը հիմնված է այն ենթադրության վրա, որ պատերազմը եւ դրա հետեւանքները այլեւս չեն սաստկանա»,- նշվել է Բունդեսբանկի հաղորդագրությունում։




























