Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտրոնական կոմիտեի (ԱԿ Կենտկոմ) նիստ է գումարել եւ քննարկել կարգապահության ամրապնդման հարցը, տեղեկացրել է Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Կորեայի ԱԿ Կենտկոմը լրջորեն քննարկել է այն հարցը, թե ինչպես պետք է կուսակցությունում կարգապահության կանոնների պահպանման մթնոլորտ ստեղծել եւ ավելի եռանդուն պայքար ծավալել որոշ կուսակցական աշխատողների անբարեհույս եւ ոչ հեղափոխական գործողությունների (ներառյալ պաշտոնեական դիրքի չարաշահումն ու բյուրոկրատիզմը) դեմ»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում։

Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ կուսակցությունում սահմանված կարգապահական կանոնները «առաջնահերթ կարեւորագույն խնդիր են»։ Նա հրամայել է ուժեղացնել կարգապահության վերահսկման համակարգերը, այդ թվում կուսակցության Կենտրոնական ստուգիչ հանձնաժողովը, եւ «հանգամանալիորեն նշել վերահսկողության նորմերն ու պատիժները»։

Նրա խոսքով, մասնավորապես, պետք է ընդլայնել կարգապահությունը վերահսկող բաժինների եւ կազմակերպությունների լիազորությունները, ինչպես նաեւ ստուգման եւ պատիժների խիստ ռեժիմ սահմանել։