Չինաստանն առաջ է անցել Գերմանիայից՝ դառնալով ռուսական էներգառեսուրսների խոշորագույն գնորդը ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր, հայտարարել է անկախ հետազոտական խումբը, տեղեկացնում է AP-ը:

Էներգետիկայի եւ մաքուր օդի հետազոտությունների կենտրոնը հայտնել է, որ Ռուսաստանը փետրվարի 24-ից շուրջ 93 միլիարդ եվրոյի եկամուտ է ստացել նավթի, բնական գազի եւ ածխի վաճառքից։

Հանածո վառելիքի մոտ 61 տոկոսը՝ մոտ 57 մլրդ եվրո արժողությամբ, հակամարտության առաջին 100 օրվա ընթացքում Եվրամիություն է արտահանվել։ Դա ներառում է 12,1 միլիարդ եվրոյի արտահանում Գերմանիա, 7,8 միլիարդ եվրոյի՝ Իտալիա եւ Նիդեռլանդներ եւ 4,4 միլիարդ եվրոյի՝ Լեհաստան, հայտնում է խումբը:

Գերմանիան, որը պատերազմի առաջին երկու ամիսների ընթացքում ռուսական հանածո վառելիքի խոշորագույն ներկրողն էր, իջել է երկրորդ տեղը Չինաստանից հետո, որը Մոսկվայից գնել է մոտ 12,6 միլիարդ եվրոյի էներգառեսուրս։

Այդ տեղաշարժն արտացոլում է Չինաստանի եւ այլ ոչ եվրոպական տնտեսությունների աճող կարեւորությունը Ռուսաստանից էներգակիրների արտահանման համար, ասվում է խմբի հայտարարության մեջ:

Կազմակերպության կողմից հրապարակած թվերը ցույց են տալիս, որ Գերմանիան մեծապես կախված է ռուսական էներգառեսուրսներից, հատկապես՝ բնական գազից: Ներմուծումը մայիսին նախորդ երկու ամիսների համեմատ նվազել է 8 տոկոսով, ինչը համընկել է տաք եղանակի հետ։

Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը մայիսին օրական ավելի քան 100 միլիոն եվրոյով կրճատել է Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը՝ Լեհաստանի գլխավորությամբ, որը նախկինում ռուսական նավթի եւ գազի հիմնական գնորդն է եղել, հաշվարկել է Էներգետիկայի եւ մաքուր օդի հետազոտությունների կենտրոնը։

Ֆրանսիան, Բելգիան եւ Նիդեռլանդները, հակառակը, մայիսին կարճաժամկետ շուկաներում ավելի շատ բնական գազ եւ նավթ են գնել, ասվում է խմբի հաղորդագրության մեջ:

Քանի որ Ռուսաստանը ծովով ավելի շատ նավթ է արտահանում այն երկրներ, որտեղ խողովակաշարեր չունի, լցանավերի պահանջարկը շատ մեծ է: Նրա խոսքով՝ այդ լցանավերի չորս հինգերորդը պատկանում է եվրոպական կամ ամերիկյան ընկերություններին։