Նոտարական ծառայությունների սպասարկման ոլորտում դիմող քաղաքացին այլեւս բանկ դիմելու եւ այնտեղ վճարում անելու անհրաժեշտություն չունի:
Կառավարությունն իր այսօրվա` օգոստոսի 11-ի նիստում որոշել է, որ նոտարական գործողությունների կատարման համար պետական տուրքը կանխիկ գանձելիս անդորրագրի փոխարեն նոտարը պետական տուրք վճարողին պետք է տրամադրի հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն։
Ակնկալվում է, որ դա կնպաստի նոտարական ծառայությունների ավելի արագ եւ արդյունավետ մատուցմանը` կրճատելով եւս մեկ օղակի (բանկ) դիմելու քաղաքացու պարտականությունը, նաեւ «մեկ պատուհանի» սկզբունքի արդյունավետ ներդրմանը։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է այն խնդրի վրա, որ պետք է խուսափել բոլոր վճարումները նոտարներին վերապահելուց։ «Պետք է մտածել, որպեսզի քաղաքացիները կարողանան տեղում վճարել նաեւ քարտերով։
Նոտարիատներում համապատասխան տերմինալների տեղադրման հարցում պետք է խնդրենք Կենտրոնական բանկի օժանդակությունը, որպեսզի քաղաքացին տեղում անկանխիկ վճարման հնարավորություն ունենա»,- ասել է Տ. Սարգսյանը:
Հաջորդ որոշմամբ հստակեցվել է ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը, ինչը նույնպես կնպաստի իրավաբանական անձի գրանցման «մեկ պատուհանի կանգառ» համակարգի արդյունավետ իրագործմանը։




























