Ավստրիայի կառավարությունը, բարձր գնաճի համատեքստում, ավելի քան 28 մլրդ եվրոյի օգնության փաթեթ կտրամադրի՝ բնակչության աճող ծախսերը փոխհատուցելու նպատակով։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը։

«Մենք որոշել ենք մարդկանց վերադարձնել այն փողը, որը նրանցից խլել է գնաճը։ Մեզ հաջողվել է ստեղծել ավելի քան 28 մլրդ եվրոյի փաթեթ, որպեսզի թեթեւացնենք մարդկանց ծանրաբեռնվածությունը»,- ասել է Նեհամերը Վիեննայում հրավիրված մամուլի ասուլիսում։

Կանցլերն ավելացրել է, որ օգնության փաթեթը պետք է թեթեւացնի այն բեռը, որին բնակչությունը բախվել է տնտեսության բոլոր հատվածներում գնաճի հետեւանքով առաջացած թանկացումների պատճառով։

Նրա խոսքով՝ թեկնածուները կստանան 500-ից 1 000 եվրո, հարկատուները նույնքան գումար կստանան ավելացած ծախսերի փոխհատուցման համար, երեխաներ ունեցող ընտանիքները կստանան 900 եվրո մեկ երեխայի համար, սակավ ունեւորներին կցուցաբերվի 800 մլն-ի չափով օգնություն։

Ավստրիայում գնաճի մակարդակը ռեկորդային ձեւով սկսել է բարձրանալ 2022թ. փետրվարից։ Մարտին եւ ապրիլին այն արդեն հասել էր առավելագույնին 1981-ից ի վեր՝ 6,8 եւ 7,2 տոկոս։ Գնաճի ավելացումը վերաբերում է վառելիքի, էներգառեսուրսների եւ սննդամթերքների գների թանկացմանը։ Մայիսին այն առավելագույնն էր 1975-ից ի վեր՝ 8,0 տոկոս։