Ժայռապատկերները գիրք են, որտեղ կարող ենք «կարդալ» մեր հնագույն նախնիների մտքերն ու հույզերը, համարում է ժայռապատկերաբան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հին դարերի բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Կարեն Թոխաթյանը։ Գեղամա լեռներում, Սյունիքում և Արագածում, ասում է նա, այդ «գրքերում» կա ամեն ինչ՝ որսի ու կենցաղի տեսարաններից մինչև օրացույց և աստղային երկնքի քարտեզ։
Կրթությամբ աստղաֆիզիկոսն ավելի քան երեք տասնամյակ ուսումնասիրում է Հայաստանի ժայռապատկերներն ու երկնադիտական կառուցվածքները` հայտնաբերում ու լուսանկարում է նորերը, ճշգրտելով արդեն հայտնի` 1970-ականներին հրատարակված կոթողների տեղը (2200 արտանկար և 56 լու¬սա¬նկար), նշում կոորդինատը: 1997 թ. իր մշակած` 365 բնութագիր պարունակող դասակարգման համակարգով դրանք դասդասում է ըստ քարի տեսակի, պատկերի, կատարման ոճի, դիրքի ու շրջակա միջավայրի բնական ու մարդածին տարրերի։ Նրա հավաքածուում այսօր մեր նախնիների «գեղանկարչական» ստեղծագործությունների մոտ 4000 դասակարգված նմուշ կա։
«Հնագույն մտածողական դաշտի արտահայտման արգասիք ժայռապատկերները սերտ են շրջակա միջավայրին, որում միաժամանակ ձևավորում են մարդածին` մշակութային տարածություն, յուրօրինակ սրբազան լանդշաֆտ: Ուստի և դրանք պետք է դիտարկվեն իրենց բնապատմական համապատկերում` շրջապատի և ուղեկցող հնագիտական նյութի լիակատար նկարագրման ու հետազոտման միջոցով: Ժայռապատկերների բնական և մարդաստեղծ բոլոր տարրերի մանրազնին գրանցումը, նկարագրումը և հետազոտական գործընթացում այդ տվյալների ներառումը ստացված արդյունքի լիարժեքության ու հավաստիության կարևոր նախապայման է», - գրում է նա տպագրության պատրաստ «Հայաստանի ժայռապատկերները» մոտ 500 էջանոց պատկերազարդ գրքում:
Սակայն ակնհայտ է, որ հետագա աշխատանքի՝ կուտակված տվյալների վերլուծության և նոր պատկերների որոնման համար մեկ հետազոտողի ոտքերի և սովորական լուսանկարչական ապարատի հնավորություններն այլևս բավարար չեն։ Կարեն Թոխաթյանը կարծում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության օգնությամբ ժայռապատկերների համեմատումը, նախնական դասակարգումը շատ ավելի արագ ու հեշտ կարվի։ Ավելին. հետազոտողը կարող է գտնվել իր աշխատավայրում, համակարգչի մոտ, կառավարել թռչող սարքը, որը կանցնի ժայռապատկերների խմբի վրայով, կլուսանկարի դրանք տարբեր կողմերից ու կնշի կոորդինատը։ Ստացված տվյալները հատուկ ծրագիրը կմշակի, մոտավոր կդասակարգի և կտեղավորի թեմատիկ «դարակներում»` կենդանու տեսակը, մարդու դիրքը, նրանց թիվը մեկ ժայռապատկերում, խորհրդանշանի տեսակը, իսկ ծրագրի կողմից չճանաչված մնացած պատկերները կառանձնացնի այլ պահոցում։ Եվ սա բոլորովին էլ ֆանտաստիկայի ժանրից չէ, ժամանակակից տեխնոլոգիաներն այդ հնարավորությունները տալիս են։
Այս եղանակով կարելի է կատարել գիտարշավի պլանավորում, ինչպես նաև վիրտուալ այցելություն, ուսուցում և այլն: Ժայռապատկերների մեքենայական ճանաչման ծրագիրը, բնականաբար, կարող է կիրառվել մշակութաբանական այլ ոլորտներում` դասակարգման ու որոնման բազմաթիվ խնդիրներում:
Այժմ գիտնականը զբաղված է ժայռապատկերների էլեկտրոնային շտեմարանի լրացմամբ ու կատարելագործմամբ, որը պարունակում է յուրաքանչյուր ժայռապատկերը, պատկերախումբը և հնաստղագիտական կառուցվածքը բնութագրող հարյուրավոր տվյալներ: Շտեմարանին արված ամեն մի հարցում` կոթողների և դրանց բնութագրերի որոնում, հաշվում, համեմատում, համադրում, խմբավորում և այլն, հետազոտողին կարող է տրամադրվել որպես աղյուսակ, դիագրամ, գրաֆիկ և, ամենակարևորը`քարտեզային տեսքով:
Իսկ հետագայում Կարեն Թոխաթյանը ծրագրում է ստեղծել էլեկտրոնային ինտերակտիվ եռաչափ բազմաշերտ քարտեզ, որը ներկայացնում է ոչ միայն ժայռապատկերները, այլև՝ աշխարհագրական, երկրաբանական, հնագիտական, պատմական տվյալները և այլ տեղեկույթ՝ զուգորդումներ անելու, տարածաժամանակային, երկրաբանական, մշակութաբանական, նաև` աշխարհաքաղաքական փոփոխությունները ուսումնասիրելու նպատակով։ Նա համարում է, որ այդպիսի քարտեզը կունենա գիտակրթական ու զբոսաշրջային կիրառություն։ Սակայն այս նախագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է տարբեր ոլորտների մասնագետների ջանքերի միավորում և համապատասխան ֆինանսավորում։ Այդ գործում օժանդակության ակնկալիքով գիտնականը դիմել է ՀՀ ԳԱԱ նախագահությանը։
Սկզբնական փուլում, ըստ նրա, որպես բազմակողմ հետազոտության ելակետ, անհրաժեշտ է մեկ միասնական թվանշային քարտեզային հիմք։ «Դրա առաջնային, հիմնական շերտը պետք է ունենա միայն կոորդինատային ցանց, բնակավայրեր, պետական ու պատմական սահմաններ և բնական կողմնորոշիչներ՝ սար, ձոր, գետ և այլն: Տեղանունները երեք լեզվով են՝ հայերեն, անգլերեն, նաև այն օտար լեզվով, որով անվանափոխվել կամ անվանախեղվել են, օրինակ, Հողաբերդը` Թոփրակկալե են դարձրել, Նավասարը` Գամիգայա, Գոմշուտը` Ջամուշլու, Արտամետը` էդրեմիթ, Տանձատափը` Խոջալու և այլն», - ասում է նա։
Հաջորդ շերտերը՝ «Բնակավայրեր», «Երկրակազմական միավորներ», «Ջրային ցանց», «Հաղորդակցության ուղիներ», «Կենսաբանական տարրեր» և «Պատմամշակութային միավորներ», ըստ Կարեն Թոխաթյանի, հնարավորինս պետք է պարունակեն ենթաշերտեր: Օրինակ, «Բնակավայրերի» ներքին շերտերն են` պետություններ, երկրներ, Մեծ Հայքի աշխարհ, ՀՀ մարզ, ՀԽՍՀ-ի և Արցախի Հանրապետության շրջան, տարածքի/բնակավայրի ազգային կազմ, բռնազավթված մաս, Կարմիր գրքի արեալներ և պահպանվող այլ տարածքների սահմաններ։ «Հաղորդակցության ուղիների» շերտերն են՝ լեռնանցք, կենդանիների արահետ, կամուրջ, գետ, ջրանցք, «Կենսաբանական տարրերինը»՝ անտառ, ծառ, բրածո մնացորդ, բույսի և կենդանու արեալ, մարդաբանական նյութ, «Պատմամշակութային միավորներինը»՝ բնակելի և պաշտամունքային կառույց, հնավայր, ավերակ, կրոմլեխ, բնակեցված անձավ, ժայռապատկեր, երկնադիտական կառուցվածք, վիշապաքար և այլն:
Բոլոր այս շերտերը, շարունակում է նա, հնարավորինս պետք է ընդգրկեն նախկինում առկա, գրավոր վկայված կամ բացահայտված միավորները նույնպես։ Օրինակ, հին պետական կազմավորումները՝ Ուրարտու-Հայասա, կամ Ուդուրի-Էթիունի։
«Ինչո՞վ է կարևոր, օրինակ, հնուց պահպանված կենդանիների արահետը։ Մարդը տեսել է, որ կենդանիներն այդ արահետով են գնում դեպի ջուրը, կամ բույնը և այդտեղ էլ դարանակալել է։ Փորագրել է ժայռապատկեր, որում մի քառակուսի է կամ շրջան, աղբյուրի նշան, իսկ կողքին՝ կենդանի ու զինված մարդ, այսինքն՝ այդտեղ է պետք դարանակալել որսակենդանուն», - ասում է նա։
Ինչո՞վ են կարևոր հնագիտական և մարդաբանական տվյալները։ Բանն այն է, որ ժայռապատկերներն առայժմ հնարավոր չէ ճշգրիտ թվագրել: Ժայռապատկերը չունի օրգանական նյութ, որի միջոցով տարիքը կարելի է որոշել ռադիոածխածնային եղանակով։ Դրանց տարիքը որոշվում է շատ մոտավոր, անուղղակի` պատմամշակութաբանական համադրումներով։ Օրինակ, ըստ փորագիր պատկերի և բրոնզեդարյան խեցեղենի պատկերների նմանության, կամ, զենքի պատկերի և պեղածո զինատեսակի համեմատմամբ: Դրանց տարիքը որոշելու մեկ այլ պարագա է փորագիր ակոսի ծակոտիներում պահպանված ծաղկափոշին. եթե հնարավոր լինի պարզել բուսատեսակը, և հայտնի լինի, թե այդ տարածքում տվյալ բույսը երբ է աճել` կարող է որոշվել փորագրման ժամանակը։ Եվս մի նույնանման միջոց. թվագրող պարագա կարող է լինել «նկարչի» մատներից` փորագրելիս ակոսի ծակոտիներում մնացած մաշկի մասնիկը։ Սակայն այս նուրբ նյութաբանական ժառանգաբանական վերլուծությունները առայժմ հասու չեն Հայաստանում։
«Եթե երբևիցե ժայռապատկերի ակոսում գտնվի խցանված, պահպանված գենային նյութ, այն կհամադրենք ամենամոտ (կամ այլ) դամբարանային հնավայրերում պեղված ոսկրաբանական նյութի հետ։ Եթե դիտվի մարդաբանական առումով հավաստի համընկնում, կարելի է եզրակացնել, որ համաժամանակյա են, կամ նույնիսկ`ազգակից։ Գուցե երևակայական է հնչում, բայց տրամաբանական է», - ասում է նա և շարունակում, - «Կամ, օրինակ քարաքոսը։ Պարզ է, որ այն աճել է փորագրումից հետո` մարդը քարաքոսապատ քարի վրա դժվար թե նկարեր։ Նույն ժայռապատկերի` տարբեր թվականների իմ լուսանկարներում նկատելի է քարաքոսի տարածման մասի փոփոխություն։ Հնաբուսաբանը կարող է որոշակի ենթադրություններ անել, ըստ քարաքոսի աճման արագության»։
Ըստ Կարեն Թոխաթյանի, շտեմարանում նշվելու է նաև արեգակնային ճառագայթման հզորությունը, քամիների հիմնական ուղղությունը, ջերմաստիճանի օրական և տարեկան տատանումները, որովհետև դրանցից է կախված ժայռապատկերի մակերեսի հողմահարման արագությունը։ Դա ևս թվագրող գործոն է` մաշված, թույլ երևացող պատկերն առավել հին պիտի լինի։
Համակարգում կգործեն նաև առանձին օժանդակ ծրագրային հավելվածներ: Դրանցից մեկը կներկայացնի երկնային, աստղագիտական պարբերական (արևածագ, մայրամուտ, խավարում, գիսավոր, ասուպային հոսք) և անցյալի հանկարծական երևույթները (գերնոր աստղի բռնկում, երկնաքարի անկում, հրաբխի ժայթքում), երկնային լուսատուների և մարմինների դիրքը հեռավոր անցյալում (օրինակ, կարելի է արագ ու միարժեք տեսնել, թե տվյալ կետից, որևէ բարձունքի գագաթի կամ կոթողի ուղղությամբ որ լուսատուն կարող էր դիտվել և երբ):
Ի՞նչ հնարավորություններ կընձեռի այս շտեմարան-քարտեզը, և ինչ գիտական կամ ուսումնական նշանակություն կարող է ունենալ։
Շտեմարանը հնարավորություն ունի բոլոր օբյեկտները ցուցադրել քարտեզի վրա` ցանկացած տարածական ընդգրկմամբ, մասշտաբով, նաև` ժամանակային որևէ պահի կամ միջակայքում: Կարելի է որևէ օբյեկտի ժամանակային փոխոխությունը տեսաշարի վերածել (օրինակ Հայաստանի սահմանի կամ ազգային կազմի), ինչը գիտական, քաղաքական և ուսումնական նպատակներին կծառայի։
«Օրինակ, արդեն տեղադրել եմ Հայկական լեռնաշխարհի հիմնական հնագիտական հուշարձանները` սկսած մ.թ.ա. X հազարամյակից։ Շտեմարանին հարցում եմ անում. քարտեզի վրա դրանք ցույց տալ ըստ հիմնադրման ժամանակի։ Ահա, կառուցվեց Պորտաբլուրը, հազար տարի անց, մոտակայքում մյուսը, մ.թ.ա. VII-VI հազ. Արարատյան դաշտավայրում և Արագածի լանջերին հայտնվում են Լեռնագոգը, Առատաշենը, Ակնաշենը, Մասիս բլուրը, մ.թ.ա. IV հազ.` Գեղարոտը, Ծաղկահովիտը, մ.թ.ա. III-II հազ. Ագարակը, Մեծամորը, Կաքավաձորը...: Ակնառու երևում է, թե ինչպես է աստիճանաբար բնակեցվել Լեռնաշխարհը։ Սա ուսումնական պարագա է դառնում, տեսաշար՝ մշակույթի զարգացումը ցույց տալու համար: Նույնը և` քաղաքների, միջնադարյան եկեղեցիների, ճանապարհների դեպքում», - ասում է նա:
Բացի այդ, շտեմարանը թույլ կտա ժայռապատկերի միջավայրը, կոթողները, հնավայրերը և մարդաստեղծ այլ միավորները տեսնել թե՛ միաժամանակ, և թե՛ տարբեր համակցումներով ու բացառումներով:
«Օրինակ՝ չորս շերտի համակցմամբ կարելի է տեսնել միայն ժայռապատկերները և դրանց մոտի հին բնակատեղիները, դամբարանները, վիշապաքարերը։ Սա բնական է՝ որտեղ կա վիշապ քարակոթող, մոտակայքում հանդիպում են ժայռապատկերներ, կացարաններ։ Կամ, կարելի է տեսնել տվյալ ժայռապատկերի մերձակա հնավայրերում հայտնաբերված արտեֆակտերը՝ գործիք, զենք, զարդեղեն, խեցեղեն։ Ինչքա՞ն մոտ է գտնվում հնավայրը, ի՞նչ գործիք է հայտնաբերվել՝ վանակատե՞, թե՝ մետաղե (կարող էր դրանով փորագրվել պատկերը): Մենք գիտենք, որ Լճաշենում պեղվել է 3500-ամյա սայլ, իսկ 30 կմ դեպի հարավ, Գեղամա լեռներում կան սայլի բազմաթիվ ժայռապատկերներ։ Կամ, օրինակ, կարելի է համեմատել ըստ կատարման ոճի. ժայռապատկերների մի ամփոփ, մեկուսի խմբում նկատվում է նույն պատկերահան վարպետի ոճը, «ձեռագիրը»։ Ու երբ տեսնում ենք դրան շատ նմանները 1 կմ հեռու գտնվող մի այլ պատկերախմբում, կարող ենք համարել, որ նույն վարպետի գործերն են», - օրինակներ է բերում նա։
Կամ, օրինակ, քարտեզի վրա կարելի է մեկտեղել տեղաշարժված, շրջված, կոտրված ժայռապատկերները և մոտակա երկրաբանական խզվածքը: Այդ կերպ կարող է պարզվել, որ դիրքի փոփոխման հավանական պատճառը փորագրումից հետո տեղի ունեցած երկրակեղևի վերին շերտերի շարժումն է։ Սա միջգիտաճյուղային համագործակցության լավ օրինակ է: Երկրաբանորեն թվագրված բնական երևույթի տարիքը նպաստում է ժայռապատկերի թվագրմանը, և հակառակը` փորագիր պատկերը լրացնում է այդ երևույթի գոյության և ընթացքի հանգամանքները:
Շտեմարանի լիարժեք իրականացման կարևոր պայմաններ են մի շարք գիտաճյուղերի տվյալների, մեթոդների ներմուծումը և այդ ասպարեզների առաջատար գիտաշխատողների ներգրավումը և համատեղ աշխատանքը: Շտեմարանը համալրվում է աշխարհի կարևորագույն հնավայրերի նյութով` այդ կերպ համեմատվում են աշխարհում ժայռարվեստի տարբեր դրսևորումները: «Այսպիսի համալիր շտեմարանը կարող է ընդգրկել հայ մշակույթի հիմնական շերտերը, նպաստելով մեծ թվով բնագիտական ու պատմամշակութաբանական խնդիրների լուծմանը», - եզրափակում է Կարեն Թոխաթյանը։
Հնագույն մտածողական դաշտի արտահայտման արգասիք ժայռապատկերները սերտ են շրջակա միջավայրին, որում միաժամանակ ձևավորում են մարդածին` մշակութային տարածություն, յուրօրինակ սրբազան լանդշաֆտ: Ուստի և դրանք պետք է դիտարկվեն իրենց բնապատմական համապատկերում` շրջապատի և ուղեկցող հնագիտական նյութի լիակատար նկարագրման ու հետազոտման միջոցով:
Ժայռապատկերների մոտ գտնվող բնական և մարդաստեղծ բոլոր տարրերի մանրազնին գրանցումը, նկարագրումը և հետազոտական գործընթացում այդ տվյալների ներառումը ստացված արդյունքի լիարժեքության ու հավաստիության կարևոր նախապայման է:
Անահիտ Սարգսյան





























