Վերջին տասնամյակում տեխնոլոգիական առաջընթացն էական ազդեցություն է ունեցել համաշխարհային տնտեսության, աշխատանքի արտադրողականության վրա, նոր ճյուղեր են ի հայտ եկել։ Պատահական չէ, որ հենց տեխնոլոգիական ընկերություններն են ամենաազդեցիկ ընկերությունների ցուցակում։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Երեւանում «Գիտության եւ գործարարության օրեր-2022» համաժողովի ժամանակ հայտարարեց Ռուսական տնտեսագիտական դպրոցի ռեկտոր Ռուբեն Ենիկոլոպովը։
«Սա շատ կարեւոր է Հայաստանի նման մեկուսացված երկրների տնտեսությունների համար։ Երկրի աշխարհագրական դիրքն այսօր պակաս նշանակալի է դառնում եւ քիչ էական նաեւ դեպի ծով ելք չունենալը։ Հայաստանը կարող է օգտվել այդ առավելություններից եւ առաջ գնալ։ Սակայն կարեւոր է հասկանալ, որ տեխնոլոգիական փոփոխությունները կարող են նաեւ բացասական հետեւանքներ ունենալ, օրինակ՝ հոգեբանական վնասը, ավտոմատացումը բարձրացնում է գործազրկության մակարդակն ու հանգեցնում աշխատավարձերի նվազեցման»,– ասաց նա։
Ռուբեն Ենիկոլոպովի խոսքով՝ տնտեսության թվային հարթակները միայն միջնորդներ են, որոնք փորձում են համախմբել շուկայի խաղացողներին։ «Առավելությունն այն է, որ հաճախորդների բազայի ընդլայնման համար պետք չեն նոր ծախսեր»,-նշեց Ենիկոլոպովը։
Սակայն ընկերությունների աճը նաեւ բացասական կողմեր ունի, քանի որ մոնոպոլացման ռիսկ է ի հայտ գալիս։ Տվյալ դեպքում հաղթողը ստանում է ամեն ինչ, եւ մրցակցությունը խնդրահարույց է դառնում։
«Երբ չկա այլընտրանք, ընկերությունը կարող է քեզ շահագործել, կարող է վնաս հասցնել հանրությանը, գները բարձրացնել։ Բացի դրանից, որքան շատ ենք օգտվում թվային հարթակներից, այնքան շատ են նրանք մեր մասին իմանում։ Ուզո՞ւմ ենք արդյոք, որ ինչ-որ մեկն իմանա մեր մասին այն, ինչ մենք չենք ուզում»,– հարցադրում արեց նա։
Ռուբեն Ենիկոլոպովը նաև նշեց, որ Facebook-ն օգտագործվեց քաղաքական նպատակով նաեւ Հայաստանում։ Ի սկզբանե այդ ամենը դրական էր ընկալվում, սակայն այսօր այդ կարծիքը փոխվում է։ «Մարդիկ չեն ցանկանում ծանոթանալ ինֆորմացիայի, որի հետ համաձայն չեն։ Դա հանգեցնում է ամբողջ աշխարհում հանրության բեւեռացման, քանի որ մարդիկ դադարում են ընկալել այլ կարծիքներ»,-ասաց Ռուսական տնտեսագիտական դպրոցի ռեկտոր Ռուբեն Ենիկոլոպովը։





























