Էկվադորի նախագահ Գիլյերմո Լասսոն արտակարգ դրություն է հայտարարել Իմբաբուրա, Կոտոպաքսի նահանգներում եւ մայրաքաղաքի Պիչինչա թաղամասում՝ բնիկ բնակչության բողոքի ցույցերի պատճառով եւ հայտարարել է քաղաքացիներին աջակցելու նոր միջոցների մասին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես պարտավորվել եմ պաշտպանել մայրաքաղաքն ու երկիրը, ինչն ինձ ստիպում է այսօր, կեսգիշերից սկսած, արտակարգ դրություն հայտարարել Պիչինչայում, Իմբաբուրայում եւ Կոտոպաքսիում»,- ասվում է քաղաքական գործչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա մամուլի ծառայության Twitter-յան բլոգում։

Նշված մարզերում 30 օրով կկասեցվի միավորվելու եւ հավաքների ազատության քաղաքացիների իրավունքը, ազատ տեղաշարժը։ Մայրաքաղաքում պարետային ժամը կգործի ժամը 22:00-ից մինչեւ առավոտյան 05:00-ն։

Էկվադորի ղեկավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության դեմ երկրի հնդիկ ժողովուրդների համադաշնության բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 13-ին՝ 11 շրջաններում փոքր ցույցերով, եւ նոր թափ են ստացել հաջորդ օրը, երբ ոստիկանությունը պետական ծառայությունների աշխատանքին խոչընդոտելու մեղադրանքով մեկ օրով ձերբակալել է համադաշնության առաջնորդ Լեոնիդաս Իսային։

Ցուցարարները կառավարությանը ներկայացրել են 10 պահանջներից բաղկացած ցուցակ, այդ թվում՝ վառելիքի գների սառեցում, պետական ակտիվների սեփականաշնորհման դադարեցում, հանքարդյունաբերական ընկերությունների համար կոնցեսիոն տարածքների ընդլայնման արգելք եւ կարիքավոր ընտանիքներին օգնություն: Նրանց խոսքով, դա արվել է շատ վաղուց, սակայն մինչ ցույցերի սկսվելը իրենց հետ չեն ցանկացել խոսել. այժմ կառավարությունը դիտարկում է բնիկ էկվադորցիների պահանջները։

Արտակարգ դրության հայտարարման հետ մեկտեղ նախագահ Լասսոն ազդարարել է դժվարին իրավիճակում հայտնված էկվադորցի ընտանիքներին աջակցության անհապաղ միջոցներ ձեռնարկելու մասին։ Կառավարությունը կսառեցնի վառելիքի բոլոր տեսակների գները եւ կչեղարկի կոմունալ ծառայությունների սեփականաշնորհումը, կբարձրացնի «Մարդկային զարգացման վճարները» մինչեւ ամսական 55 դոլար եւ հանրային առողջապահությունում արտակարգ իրավիճակ կհայտարարի, քանի որ ցուցարարները բողոքում են ոլորտից: Գյուղմթերքի փոքր ու միջին արտադրողները միզանյութի ձեռքբերման համար 50 տոկոս սուբսիդավորում, ինչպես նաեւ մինչեւ 5000 ԱՄՆ դոլար արտոնյալ 30 տարի ժամկետով վարկի հնարավորություն կստանան։ Բացի այդ, կզրոյացվեն պետական Banecuador-ում մինչեւ 3000 ԱՄՆ դոլարի բոլոր ժամկետանց վարկերը։