Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Քամալվանդին հայտնել է, որ Թեհրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացրել է`Քարաջում գործող TESA համալիրի գործունեությունը Նաթանզ տեղափոխելու ծրագրերի մասին, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը:

Քամալվանդին Nour News-ին տված հարցազրույցի ընթացքում նշել է, որ այդ քայլն արվում է Իրանի միջուկային օբյեկտների շուրջ անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու նպատակով՝ հիշեցնելով անցյալ տարի TESA համալիրի վրա իրականացված մի շարք հարձակումներ:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսին Քարաջում գործող TESA համալիրը ենթարկվել էր հարձակման, ինչում Իրանի իշխանությունը մեղադրում էին Իսրայելին:

Ի պատասխան արևմտյան ԶԼՄ-ների հաղորդագրություններին այն մասին, որ Նաթանզի միջուկային օբյեկտի մոտ շինարարական աշխատանքներ են տեղի ունենում՝ Քամալվանդին ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ն այդ մասին տեղեկացված է, թեեւ Իրանը պարտավոր չէ նման տեղեկատվություն տրամադրել գործակալությանը: Նա Իրանի գործողություններն անվանել է «միանգամայն թափանցիկ» եւ Իսրայելին առնչվող լրատվամիջոցներին մեղադրել՝ երկրի խաղաղ միջուկային ծրագրի շուրջ կեղծ մթնոլորտ ստեղծելու հարցում:

Նա նաեւ մեղադրել է ՄԱԿ-ի միջուկային գործակալությանը՝ իր տեխնիկական մանդատը չկիրառելու եւ Իրանի միջուկային օբյեկտների դեմ ահաբեկչական հարձակումները չքննադատելու համար: