Ճապոնիայում դատարանը որոշել է, որ նույնասեռական ամուսնությունների արգելքը չի խախտում երկրի սահմանադրությունը ե մերժել է երեք զույգերի փոխհատուցման հայցերը, որոնք ասել են, որ խախտվել է ազատ միության եւ հավասարության իրենց իրավունքը, հաղորդում է AP-ն:
Օսակայի շրջանային դատարանի որոշումն այս հարցի վերաբերյալ երկրորդ վճիռն է եւ հակասում է անցյալ տարվա Սապորո դատարանի վճռին, որը հակասահմանադրական էր ճանաչել նույնասեռական ամուսնությունների արգելքը: Այն ընդգծում է, թե որքան հակասական է այդ հարցը մնում Ճապոնիայում, որը G7-ի միակ անդամն է, որը չի ճանաչում նույնասեռական միությունները:
Իր որոշմամբ Օսակայի դատարանը մերժել է հայցվորների հայցը խտրականության համար յուրաքանչյուր զույգի համար 1 միլիոն իեն (7400 դոլար) վնասի փոխհատուցման մասին:
Հայցվորները՝ երկու տղամարդ եւ երկու կին, այն 14 նույնասեռական զույգերից են, ովքեր 2019 թվականին հայց էին ներկայացրել հինգ խոշոր քաղաքների՝ Սապորո, Տոկիո, Նագոյա, Ֆուկուոկա եւ Օսակա կառավարությունների դեմ՝ ազատ միության եւ հավասարության իրավունքների խախտման համար:
Նրանք պնդում էին, որ ապօրինի խտրականության են ենթարկվել՝ զրկվելով նույն տնտեսական եւ իրավական առավելություններից, որոնցից օգտվում են հետերոսեքսուալ զույգերն ամուսնանալիս:
Երկուշաբթի Օսակայի դատարանը հայտարարել էր, որ 1947 թ. սահմանադրությամբ ամուսնության ազատությունը միայն տղամարդու եւ կնոջ միություն է նշանակում եւ չի ներառում նույնասեռական միությունները, ուստի նույնասեռական ամուսնությունների արգելքը չի հակասում սահմանադրությանը:
Ճապոնիայիում գործող կանոնների համաձայն՝ նույնասեռական զույգերը չեն կարող ժառանգել միմյանց ունեցվածքը, տունը կամ համատեղ այլ ակտիվներ եւ չունեն ծնողական իրավունքներ միմյանց երեխաների նկատմամբ: Նրանց հաճախ արգելվում է միասին բնակարաններ վարձել, այցելել հիվանդանոցներ եւ օգտվել ամուսնական զույգերին հասանելի այլ ծառայություններից։





























