Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հունիսի 20-ին տեղի է ունեցել Python ծրագրավորման լեզվի միջին մակարդակի դասընթացների մասնակիցների ավարտական հավաստագրերի հանձման արարողությունը:
Ողջունելով շրջանավարտներին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանն ընդգծել է Պոլիտեխնիկի դերը՝ տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում: «Այստեղ են կրթվում ոլորտի ապագա մասնագետները, և այս առումով Պոլիտեխնիկի նկատմամբ նաև պահանջներն են շատ և բարձր, որպեսզի կրթական ծրագրերը լինեն ժամանակին համահունչ, և ամենակարևորը, կիրառելի: Ուրախ եմ, որ համալսարանը նաև ակտիվ համագործակցում է նախարարության հետ, այս ծրագրի հաջող իրականացումն էլ այդ համագործացկության լավ օրինակ է»,-նշել է Նարեկ Մելքումյանը:
Նախարարության գլխավոր քարտուղարը, շնորհավորելով ծրագրի բոլոր մասնակիցներին դասընթացների հաջող ավարտի կապակությամբ, հավելել է, որ 21-րդ դարը նոր տեխնոլոգիաների ժամանակաշրջան է, և տեխնոլոգիական ուղղություններով մասնագիտությունների ու հմտությունների ձեռքբերումը նոր հնարավորություններ է բացում նրանց առջև տեխնոլոգիական ոլորտի մեծ աշխատաշուկա մուտք գործելու համար։
Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել նախարարությանը՝ դասընթացների կազմակերպումն իրենց վստահելու համար:
«Կարևոր եմ համարում պետություն-ԲՈՒՀ համագործակցությունը: Այս ծրագրի միջոցով մենք կարողացանք նաև վերաիմաստավորել կրթության կազմակերպման ընթացքը: Վստահ եմ, որ նման ծրագրերի շարունակական ընթացքը լայն հնարավորություն է տալու համալսարանին, որը մեծ աջակցություն է պետության կողմից»։
Python ծրագրավորման լեզվի դասընթացն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում: Սկսնակ և միջինի մակարդակներով դասընթացներին մասնակցել են շուրջ 820 ուսանող:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարել է 2022 թվականի դասընթացի իրականացման դրամաշնորհային մրցույթներ հինգ ուղղություններով, մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:





























