Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները կողոպուտ եւ շորթում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 17–ամյա երիտասարդի, որը հունիսի 18–ին, Արշակունյաց պողոտայում հափշտակել էր մի կնոջ հեռախոս։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից, երիտասարդը ձերբակալվել է։
«Հունիսի 18-ին, ժամը 16-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում բացահայտ հափշտակել էին մի կնոջ բջջային հեռախոսը: Ավելի ուշ, երբ տուժողը հաղորդագրություն էր ուղարկել իր հեռախոսահամարին, կողոպտիչը հեռախոսը վերադարձնելու համար պահանջել էր 50 հազար դրամ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնում մշակվեց օպերատիվ գործողությունների պլան, համաձայն որի՝ Հայկ Հովսեփյան փողոցի հարակից զբոսայգում տուժողը հեռախոսի դիմաց պետք է տար պահանջած գումարը:
Ժամը 20-ի սահմաններում քրեական հետախույզները նշված զբոսայգու մոտից, կողոպուտ եւ շորթում կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին մի երիտասարդի: Բաժնում պարզվեց նրա ինքնությունը. Երեւանի բնակիչ էր, 17-տարեկան:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն»,– ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։





























