Արցախցի ռեփեր Լյոկան 44–օրյա պատերազմից հետո ընկերների օգնությամբ եւ նախաձեռնությամբ ստեղծեց Lyoka's բրենդը, որի արտադրամասը սկզբում Երեւանում էր, իսկ վերջերս այն արդեն տեղափոխել է Ստեփանակերտ։ Լյոկան իր «Ես դեռ կամ» երգով պատմում է արցախցու չկոտրվելու, պայքարը շարունակելու մասին, իսկ Lyoka's –ի շապիկների ու հուդիների միջոցով էլ ներկայացնում է Արցախն իր մշակույթով եւ պատմամշակութային վայրերով. պատմում են վանքերի, Շուշիի Ղազանչեցոցի հրեշտակների, հուշարձանների մասին։ Լյոկան, որը 3–րդ անգամ է տուն կառուցում, շեշտում է՝ որպես արցախցի իրեն չէր հարգի, եթե հաջողության հասնելու հնարավորությունը կամ ընթացքն Արցախում չաներ։ Եթե այդ արտադրամասում պետք է աշխատեն 3-4 հոգի եւ վարձատրվեն, ապա դա պետք է լինի Արցախում ու վարձատրվի արցախցին։
«Հիմա ավելի քան երբեք Արցախը ներդրումների, օգնության, բնակեցման, սոցիալական հարցերի լուծման կարիք ունի, Արցախը մեր բոլորիս կարիքն ունի։ Փորձում ենք պատմել Շուշիի «դժգույն եւ դժբախտ» լինելու մասին։ Արցախցին ուրիշ ինչի՞ մասին կարող է պատմել, եթե տեսել է միայն Արցախի մշակույթն ու պատերազմ։ Արցախցին կարող է պատմել կամ պատերազմի մասին, կամ ինչ դրախտ է Արցախը։ Գաղափարն էր պատմել Արցախի մասին ավելի շատ, ավելի մանրամասն ու ավելի ժամանակակից ձեւով։ Չէ՞ որ նոր սերունդին պետք է պատմությունը ներկայացնես ժամանակակից լեզվով»»,– ասում է Լյոկան։

Արտադրությունը կազմակերպելիս ապրիլյան եւ 44–օրյա պատերազմներին մասնակցած 33–ամյա ռեփերի համար ամենակարեւոր սկզբունքներից մեկն այն է, որ թուրքական ոչինչ պետք է չօգտագործվի, գիտակցում է, որ միայն իրենց բոյկոտով հարցը չի լուծվի, սակայն, եթե յուրաքանչյուր արտադրող մտածի իր պես, կամաց–կամաց կհասնենք ցանկալի արդյունքին՝ հայկական շուկայից դուրս կգա թուրքականը. «Մենք կհասնենք նրան, որ կսկսենք մերը ստեղծել ու արդեն չեն կարա մեզ խաբեն, ոնց որ հիմա են անում։ Իսկ հիմա ահավոր շատ են Թուրքիայում տպած եւ թուրքական կտորով սարքած հայկական տառերը, որոնք այստեղ վաճաոում են հայկականի անվան տակ։ Ես թուրքական կտորով սփռոց չեմ ուզում տեսնել, ինձ դա տհաճ է։ Սա կարող է՝ իմ բզիկն է, ինչպե՞ս կարելի է թուրքական թելով գործել «Տատիկ–պապիկ»։ «Տատիկ–պապիկի լինելու համար ահագին մարդիկ չկան ու ահագին մարդկանց չլինելու պատճառով Թուրքիան ավելի շատ է զարգանում, ինչքանո՞վ է ճիշտ իրենց ավելի շատ զարգացնել, իսկ մեզ ավելի շատ պակասեցնել»։


Ի՞նչ խնդիրների են բախվում Արցախում արտադրողները եւ արդյոք պետությունից աջակցություն ստանում են նորաստեղծ արտադրողները, հարցնում ենք Լյոկային։ Կարծես ամենացավոտ հարցերից է, պարզվում է՝ ապրանքը ներկրելիս արտադրողը ստիպված է մեկ անգամ մաքսազերծել Հայաստանում, երկրորդ անգամ Արցախում, հետո արտադրությունը սկսելիս վճարել ավելացված արժեքի հարկը, իսկ վաճառքի դեպքում էլ արդեն 3 տոկոս շահութահարկ։ «Ես հարցնեմ՝ ի՞նչ խոչընդոտների եմ հանդիպում ես»,– հակադարձ հարց է տալիս Լյոկան ու շարունակում. «Պետության կողմից ոչ մի աջակցություն չեմ ստացել, միայն Արցախում էկոնոմիկայի նախարարությունը մրցույթ էր հայտարարել նորաստեղծ բրենդների համար, 100 դիմողներից հաղթեցին 12–ը, այդ թվում մենք եւ ֆինանսական օժանդակություն ստացանք։ Մնացած ամեն ինչը արել ենք մեր թիմով, ներկայումս 5 հոգով ենք, բայց հույս ունենք՝ կշատանանք շուտով»։
Չնայած նորաստեղծ արտադրություն են, նաեւ բարեգործական ծրագրեր են անում։ Շուշիի թանգարանի հետ Lyoka's –ը Շուշիի թանգարանից փրկված գորգերի ու կարպետների զարդանախշով շապիկներ է արտադրում, վաճառում, իսկ եկամուտը փոխանցում թանգարանի վերստեղծման ու պահպանման համար: Լյոկան ասում է՝ ոչ թե օգնում են, այլ սա յուրաքանչյուրիս պարտքն է միմյանց նկատմամբ լինել սրտացավ ու մտահոգ։
«Եթե Շուշիից մի կերպ փրկված թանգարանի նմուշները ցուցադրելու տեղ չկա, այսինքն Արցախի պատմությունը ներկայացնելու համար մենք տե՞ղ չունենք, թե՞ ցանկություն, թե՞ չենք ուզում։ Եթե ինչ–որ մեկը կամ ոմանք չեն ուզում օգնել, տեղ տրամադրել կամ պատմությունը սերունդներին տալ, դա նաեւ իմ խնդիրն է, թանգարանի տնօրենի խնդիր չի, անձի խնդիր չի, դա պատմության խնդիր է, իսկ մենք այս վիճակին ենք, որովհետեւ մենք տգետ ենք, մենք պատմություն չգիտենք, չգիտենք հայն ով է, որտեղից է եկել»,– նշում է Լյոկան՝ հավելելով, որ մարդիկ պետք է իմանան, որ օրինակ Հադրութի Տող գյուղ 9–րդ դարում գորգ են գործել։
Մյուս մեծ նախագիծն օգոստոսին են սկսելու։ Նախատեսում են Արցախի այն գյուղերում, որտեղ շատ տեղահանված ընտանիքներ են ապրում, աշակերտներին անվճար սպորտային հագուստ տրամադրեն. «95-96 թվականներին ես ֆիզկուլտուրայի դասերին չէի մասնակցում, որովհետեւ սպորտային հագուստ չունեի։ Ինձ համար հիմա պարտականության նման մի բան է, որ դպրոցներին տարին երկու անգամ անվճար տրամադրենք այդ սպորտային հագուստները»։





























