Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային հաստատությունների ընթացիկ գործունեության եւ զարգացման ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ ոլորտը ներկայացնող հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով ոլորտի կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի մոտեցումները` Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանի ենթակայության գրադարանները, թանգարանները, երաժշտական դպրոցներն ու թատրոնները պետք է ունենան զարգացման հստակ ծրագրեր, որտեղ կնախանշվեն, ինչպես ֆինանսատնտեսական բարելավման, այնպես էլ ծրագրային զարգացման ուղղությունները. «Մշակույթի ոլորտի բոլոր տնօրենները պետք է ունենան հստակ ծրագիր, ինչպես անել, որ մատուցած ծառայություներն ավելի շատ եւ որակյալ լինեն: Մենք կանգնելու ենք մշակութային յուրաքանչյուր սուբյեկտի կողքին այն պարագայում, երբ հստակ հասկանանք, որ նրանք ունեն հստակ ծրագիր եւ պատասխանատվություն են կրում: Խնդիրը ներկայացնելուց բացի, պետք է ներկայացնել նաեւ այդ խնդրի լուծման տարբերակները»:

Մշակութային հաստատություններն աշխատանքի արդյունավետ կազմակերպման եւ ճիշտ կառավարման արդյունքում նկատելի դրական փոփոխություններ կարող են արձանագրել, նշել է քաղաքապետը` հատկանշելով Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի օրինակը, որը ներքին ռեսուրսները ավելի ճիշտ կառավարելու արդյունքում, նոր ուսումնական տարվանից կանցնի ինքնաֆինանսավորման` հրաժարվելով բյուջեից տրամադրվող սուբսիդիայից:

Գրադարանների հետ կապված խնդիրների առնչությամբ նշվել է, որ դրանց մի մասը օպտիմալացման լուրջ խնդիրներ ունեն: Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրենը քաղաքապետին ծրագիր է ներկայացրել ժամանակակից պահանջները բավարարող եւ գրադարանում նոր համացանցային ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ:  

Երաժշտական դպրոցների եւ թատրոնների կողմից նույնպես առաջարկություններ են ներկայացվել նոր ծառայությունների մատուցման միջոցով լրացուցիչ ֆինանսական մուտքեր ապահովելու համար:

Թանգարանները, զբոսաշրջության խթանման եւ այցելուների թվի բարձրացման նպատակով եւս ծրագրեր են ներկայացրել: Էրեբունի արգելոց - թանգարանի մասով նշվել է, որ առաջիկայում լուրջ ֆինանսական ներդրումներ են նախատեսվում, որը, որպես բիզնես նախագիծ, կերաշխավորի ներդրումների հետագա վերադարձելիությունը: Ծրագիրը նախատեսում է արգելոց հնավայրի վերակառուցում, թատերական ներկայացումների կազմակերպում, հանգստի գոտիների ստեղծում եւ գեղարվեստական լուսավորության ապահովում:

Անդրադառնալով «Հայ Արտ» մշակութային կենտրոնին` առաջարկվել է դիտարկել կենտրոնի հետագա գործունեության նպատակահարմարությունը: