Հրապարակվել է Եվրախորհրդի կտտանքների կանխարգելման կոմիտեի` Հայաստանի վերաբերյալ հերթական զեկույցը, ուր նշված է, որ Հայաստանում ոստիկանության կողմից ազատազրկված անձանց հանդեպ վատ վերաբերմունքը շարունակում է լուրջ խնդիր մնալ:
Անցած տարվա մայիսին Հայաստան կատարած այցի վերաբերյալ զեկույցը հանձնախումբը հրապարակվել է այսօր` օգոստոսի 17-ին: Զեկույցում նշված է, որ չնայած կատարված մի շարք բարեփոխումներին` առանցքային ոլորտներում առաջընթաց կամ չկա կամ առաջընթացն աննշան է: Այցի ընթացքում ԵԽ պատվիրակությունը ոստիկանության հասցեին մի շարք մեղադրանքներ է լսել: Ձերբակալվածները նրանց ասել են, որ ոստիկանության աշխատակիցներն իրենցից կամ իրենց հարազատներից գումարներ են պահանջել` իրենց ազատ արձակելու կամ այլ բնույթի խնդիրներ լուծելու համար:
Հաշվի առնելով այս պնդումները` պատվիրակությունը հայաստանյան իշխանություններին կոչ է արել ուղերձ հղել ոստիկանության բոլոր աշխատակիցներին եւ զգուշացնել, որ նմանօրինակ վարքագիծը կարող է նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու պատճառ դառնալ:
Բացի այդ, ըստ զեկույցի ԵԽ հանձնախումբը մեծ թվով հավաստի եւ էական մեղադրանքներ է լսել ոստիկանության աշխատակիցների, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, համաձայն որոնց ազատազրկվածների նկատմամբ ֆիզիկական բռնություններ եւ կտանքներ են կիրառվում: Շատ մարդիկ նշել են, որ իրենցից խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով իրենք կտտանքների են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներում` հենց հարցաքննությունների ժամանակ, բացի այդ, ոստիկանների կողմից սպառնալիքներ են լսել ինչպես իրենց, այնպես էլ իրենց ընտանիքիների անդամների հասցեին:
Զեկույցում նաեւ նշված է, որ նրանք, ովքեր միանգամից ընդունել են առաջադրված մեղադրանքը եւ ստորագրել են ոստիկանության ներկայացրած փաստաթղթերը, խուսափել են նմանօրինակ ճնշումներից:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, կոմիտեն նաեւ կոչ է արել հայաստանյան իշխանություններին երաշխավորել ազատազրկման առաջին իսկ պահից փաստաբան ունենալու մարդու իրավունքը:
Զեկույցը փաստում է, որ ի տարբերություն ոստիկանական բաժանմունքների` բանտերում մարդկանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին պնդումները փոքրաթիվ են: Միաժամանակ, եվրոպացի փորձագետները նշում են, որ մի շարք պնդումների համաձայն` ազատազրկման վայրերի աշխատակիցները ժամկետից վաղաժամ ազատարձակման եւ անգամ բժշկի այցելելու համար կալանավորներից կաշառք են պահանջում:




























