Գերմանիայում էլեկտրական մեքենաներ գնելու համար պետության կողմից ֆինանսավորվող խթանները հաջորդ տարվանից կկրճատվեն՝ իշխող կոալիցիայի ներսում համաձայնության գալուց հետո, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քննարկման ընթացքին ծանոթ մարդկանց։
Էլեկտրական մեքենաների գնորդներին տրվող խթանները կամ հավելավճարներն ամբողջությամբ կդադարեցնեն գործողությունը, երբ ծախսվի հատկացված 2,5 միլիարդ եվրոն, հայտնում են կառավարության աղբյուրները:
Ծրագրի համաձայն, որի մասին առաջին անգամ հաղորդել է Handelsblatt թերթը, 40 000 եվրոյից ցածր (40վ488 դոլար) արժողությամբ զուտ էլեկտրական մեքենաների հավելավճարները 6000 եվրոյից այժմ կնվազեն մինչեւ 4500 եվրո՝ հաջորդ տարվա սկզբին, եւ մինչեւ 3000 եվրո՝ 2023 թվականին:
Ավելի թանկ, բացառապես էլեկտրականությամբ աշխատող մեքենաների համար հասանելի հավելավճարը հաջորդ տարվա սկզբին կնվազի մինչեւ 3000 եվրո՝ ներկայիս 5000 եվրոյից: 2023 թվականի կեսերից այս հավելավճարը կվճարվի միայն մինչեւ 45 000 եվրո արժողությամբ տրանսպորտային միջոցների համար, ասել են աղբյուրները:
65 000 եվրոյից թանկ ավտոմեքենա գնողների համար սուբսիդիաներ նախատեսված չեն։
Կառավարությունը նաեւ նախատեսում է տարեվերջին ամբողջությամբ վերացնել հիբրիդային մեքենաների համար խթանները, որի օգտին հանդես է եկել էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը՝ դրանց կլիմայական բնութագրերի վերաբերյալ կասկածների ֆոնին:
Սպասվում է, որ Գերմանիայի նախարարների կաբինետը չորեքշաբթի կստորագրի կլիմայի փոփոխության բյուջեի նախագիծը՝ ծրագրի համար ֆինանսավորում ապահովելու համար: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները հրաժարվել են մեկնաբանել խթանները։
2021 թվականին ամբողջությամբ էլեկտրական մեքենաների վաճառքը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա համեմատ՝ հասնելով 328 000-ի՝ մասամբ այս սխեմայի շնորհիվ:
Ընդհանուր առմամբ, Գերմանիայի ճանապարհներին այժմ ավելի քան 600 000 էլեկտրական ավտոմեքենա կա: Հիբրիդների հետ միասին դրանց թիվը գերազանցում է մեկ միլիոնը։
Գերմանիայում նոր գրանցված ավտոմեքենաների մեջ զուտ էլեկտրական մեքենաների մասնաբաժինը վերջերս կազմել է շուրջ 14 տոկոս:



























