Մադրիդի տարածաշրջանի ղեկավար Իզաբել Դիաս Այուսոն քննադատել է իսպանական կառավարության՝ էներգախնայողության պլանը:
Ինքնավար համայնքի կառավարության նախագահը, ով հայտնի է նաեւ որպես «Մադրիդի երկաթե տիկին», ասել է, որ Նախարարների կաբինետի կողմից հաստատված միջոցառումներն «անապահովության կհանգեցնեն եւ կվնասեն զբոսաշրջությանն ու սպառմանը»։
Պլանը, որը բիզնեսի, թանգարանների եւ հասարակական տրանսպորտի համար ջերմաստիճանային սահմանափակումներ, ինչպես նաեւ փողոցների լուսավորության սահմանափակումներ է ներառում, հաստատվել էր այն բանից հետո, երբ հուլիսի 26-ին Եվրամիությունը համաձայնեց 15 տոկոսով կրճատել գազի սպառումն օգոստոս-մարտ ամիսներին: Այնուամենայնիվ, ԵՄ համաձայնագիրը բացառությունների լայն շրջանակ էր նախատեսում, եւ դիմադրությունը տարածաշրջանային մակարդակով կարող է սրել դրա իրականացման հետ կապված խնդիրները:
Երեքշաբթի պաշտոնական տեղեկագրում հրապարակված իսպանական միջոցները պետք է իրականացվեն յոթ օրվա ընթացքում, որից հետո խախտողներին տուգանք է սպառնում՝ 100-ից 30 հազար եվրոյի սահմաններում, հաղորդում է Reuters-ը:
«Դրանք չեն կիրառվի Մադրիդի տարածքում։ Մադրիդը խավարի մեջ չի ընկղմվի,- գրել է Այուսոն։- Փակելուց եւ արգելելուց առաջ ինչո՞ւ չխոսել քաղաքացիների եւ վարչակազմերի հետ մեծերի պես եւ չխնդրել նրանց համագործակցել հստակ չափանիշների հիման վրա»:





























