Հայաստանի Վճռաբեկ դատարանը արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախօրեին տարածած հայտարարությանը, որով նա երեք դատավորի ներկայացրել է կարգապահական պատասխանատվության:

«Դատական օրենսգրքի համաձայն` Արդարադատության խորհրդի նիստերը դռնփակ են, բացառությամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի քննության այն դեպքերի, երբ դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, պահանջում է իր գործի հրապարակային քննություն (109-րդ հոդվածի 2-րդ մաս), վարույթ հարուցող անձը, վարույթին մասնակցած վկաները եւ այլ անձինք պարտավոր են պահպանել կարգապահական վարույթի գաղտնիությունը:

Կարգապահական վարույթի շրջանակներում առաքվող բոլոր փաստաթղթերը պետք է առաքվեն փակ ծրարներով` «գաղտնի» դրոշմագրով (156-րդ հոդվածի 10-րդ մաս), պաշտոնավարման ընթացքում եւ լիազորությունները դադարեցվելուց հետո դատավորը չի կարող հարցաքննվել որպես վկա իր քննած գործի վերաբերյալ (11-րդ հոդվածի 5-րդ մաս) եւ այլն: Օրենսդրական այս իմպերատիվները նախատեսված են` ելնելով դատարանի հեղինակության, դատավորի անաչառության, դատավորի անկախության ապահովման նկատառումներից»,- ասված է հայտարարության մեջ:

Վճռաբեկ դատարանը նշում է, որ «սակայն, չսպասելով ներկայացված հաղորդումներով Արդարադատության խորհրդի կողմից որոշումների կայացմանը, Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակային հաղորդագրություն է տարածել: Այսինքն` Մարդու իրավունքների պաշտպանը, չպահպանելով միջազգային եւ ներպետական նորմերի պահանջները, հրապարակավ հաստատված է համարել դատավորների կողմից օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ թույլ տված լինելը` դրանով իսկ կասկածի տակ դնելով ոչ միայն դատավորների հեղինակությունը, այլեւ նրանց անկախությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը: Քանի դեռ ՀՀ Արդարադատության խորհուրդը դատավորների գործողությունները չի համարել օրենքի ակնհայտ եւ կոպիտ խախտում, որեւէ այլ պետական մարմին իրավասու չէ հրապարակայնորեն նման գնահատականներ տալ»:

«Բացի այդ, Դատական օրենսգրքի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցեր քննարկելիս Արդարադատության խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան եւ ինչպես նշում է Սահմանադրական դատարանն իր 2005 թվականի մայիսի 6-ի թիվ ՍԴՈ-563 որոշման մեջ. «Սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկան նմանատիպ հարցերի առնչությամբ մասնավորապես վկայում է, որ անկախ դատական համակարգը սահմանադրորեն պաշտպանված է ընդդեմ ցանկացած արտաքին միջամտության, ուստի եւ Օմբուդսմենին դատարաններին վերահսկելու որեւէ գործառույթի վերապահումը անհամատեղելի է իշխանությունների տարանջատման եւ դատարանների անկախության սկզբունքի հետ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձեւավորած նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի անկախության բաղադրատարրերից է, inter alia, արտաքին ազդեցությունը բացառող երաշխիքների առկայությունը:

Եվրոպական երկրների համապատասխան օրենսդրության մեջ գոյություն ունեցող այս պրակտիկան իր ամրագրումն է գտել նաեւ Եվրոպական օմբուդսմենի կանոնադրության մեջ: Վերջինս արգելում է Եվրոպական օմբուդսմենին միջամտել դատարաններում քննության առնվող գործերին կամ դատարանի լուծմանը ենթակա հարցերին:

Մինչդեռ Արդարադատության խորհրդի փոխարեն Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատավորների գործողություններին նախապես հրապարակավ գնահատականներ տալը Արդարադատության խորհրդի` որպես դատարանի վրա ճնշում գործադրել է նշանակում, ուղղակի միջամտություն է Արդարադատության խորհրդի գործունեությանը, ինչը դատարանի անկախության տեսանկյունից անթույլատրելի է, խոչընդոտում է դատավորների կողմից իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը»,- նշել են հայտարարության հեղինակները եւ հավելել. «Քանի որ նման վարքագիծն սկզբունքորեն անընդունելի է, Մարդու իրավունքների պաշտպանին հորդորում ենք հետագայում ձեռնպահ մնալ նման գործելաոճից»:

Նշենք, որ Կարեն Անդրեասյանը դատավորներ Երեմ Եսոյանին, Մասիս Ռեհանյանին ու Յուրիկ Իսկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առաջարկ էր ներկայացրել Հայաստանի արդարադատության խորհրդին: