Երեւան-Սեւան ճանապարհին երեկ` օգոստոսի 19-ին, հրդեհված «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի մեջ Երեւանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների շուրջ 16 ուսանող կար` 8 տղա եւ 8 աղջիկ, որոնք, բարեբախտաբար, որեւէ վնասվածքներ չեն ստացել, բայց այրվել են նրանց բոլոր իրերը: Նրանք գնում էին Դիլիջան` հանգստանալու համալսարանին պատկանող հանգստյան տանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց այդ 16 ուղեւորներից մեկը` ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Արփինե Խեչիկյանը: «Ավտոբուսը կանգնած էր, առջեւի դուռը բաց էր, մենք էլ նստած էինք ավտոբուսում, լսեցինք, որ գազի ուժեղ արտահոսք է, ուժեղ ձայն, թշշոց, մեկ էլ` կրակ, որը բռնկվեց հենց ավտոբուսի դիմացի հատվածից, այդտեղ նստած երեխեքը հենց բաց դռնով էլ դուրս եկան: Աղմուկ բարձրացավ, որ շուտ արեք, դուրս եկեք, հիմա կպայթի: Երբ դիմացի մասը սկսեց այրվել, մենք վախեցանք դիմացի դռնով դուրս գալ, հետեւի դտան մոտ գնացինք, դուռը փակ էր, տղաները ուժով բացեցին, դուրս եկանք եւ ավտոբուսից հեռու փախանք, պանիկա չեղավ, շատ կազմակերպված էր»,- պատմեց Արփինեն:
Ուսանողների բոլոր իրերը այրվել են, այդ թվում` Արփինեի նեթբուքը, մեկ այլ ուսանողի երաժշտական կենտրոնը` իր դինամիկներով, լուսանկարչական ապարատ, հեռախոսներ, հագուստ, սնունդ եւ այլն: Փրկվել է միայն այն, ինչ կար այդ պահին իրենց ձեռքին` հեռախոս, լուսանկարչական սարք եւ այլն: «Կողքի բենզալցակայանից կրակմարիչ բերեցին, բայց մեկը շատ քիչ էր, կրակը նորից ուժեղացավ եւ արդեն ամբողջն այրվեց»,- նշեց Արփինեն` հավելելով, որ այլեւս հանգստանալ գնալու իմաստ չկար, ոչինչ չունեին եւ տղաները կազմակերպեցին նրանց վերադարձը Երեւան: «Խուճապ, հիստերիա չեղավ, հետո նույնիսկ կատակում էինք, բայց, իհարկե, վախեցել էինք: Հրաշքով փրկվեցինք»,- նշեց Արփինեն: Հարցին, թե սրանից հետո ավտոբուսով կգնան հանգստի, նա պատասխանեց. «Դեպք էր, պատահեց, դա չի նշանակում, որ իմ մոտ ավտոբուսաֆոբիա կլինի, հիմա հերթով հիշում ենք, թե ինչ իր ենք կորցրել»,- նշեց Արփինեն: Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, ապա ուսանողուհին նշեց, որ իրենք արդեն համակերպվել են, կորցրել են ամեն ինչ եւ չեն կարծում, որ փոխհատուցում կլինի:
Հրդեհված ավտոբուսի վարորդը` 33-ամյա Կարեն Մեխակյանը, տեղափոխվել էր Սեւան քաղաքի հիվանդանոց: Հիվանդանոցի տնօրենը` Արամ Նիկողոսյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ Երեւան-Սեւան ճանապարհին տեղի ունեցած պատահարից հետո իրենց մոտ է տեղափոխվել ընդամենը մեկ անձ` Կարեն Մեխակյանը: «Պարանոցի եւ դեմքի շրջանում այրվածք ուներ, վիրակապվել է եւ եւ հենց երեկ էլ գնացել է իր բնակության վայրը, որտեղ էլ կստանա հետագա բուժօգնություն»,- նշեց նա: NEWS.am-ին հաջողվեց խոսել նաեւ վարորդի հետ եւ նա պատմեց, թե որն էր հրդեհի պատճառը. «Գազալցակայանում լիցքավորելիս էդ մարդն ասաց, որ վինտիլից թողնում է, ձգեց ու մենք առաջացանք: Մի 10-15 մետր գնացինք, կանգնեցի` տեսնեմ ինչ էր եղել, մուխ էր լցվել մեքենայի մեջ, միանգամից կրակը բռնկվեց եւ այրվեց ամեն ինչ, ոչինչ չմնաց, լավ է` երեխաների հետ բան չեղավ, թե չէ ես ինձ չէի ների»,- պատմեց վարորդը` հավելելով, որ երբեւէ իր հետ նման դեպքեր չէր եղել: 4 երեխաների հայր Կարեն Մեխակյանը կորցրել է իր ապրուստի միակ միջոցը` ավտոբուսն ամբողջությամբ այրվել է եւ այժմ չգիտի ինչ անի: «Շոկի մեջ եմ, ավտոբուսի կմախքն է մնացել, ի՞նչ եմ անելու» - նշեց նա: Ի դեպ, ավտոբուսը ապահովագրված էր «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում, սակայն այնտեղից հրաժարվել են փոխհատուցել ուսանողների այրված իրերի փոխարեն` նշելով, թե այդ օրենքը ուժի մեջ է մտնելու 2016թ հունվարի 1-ից:
Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում օգոստոսի 19-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ճանապարհի 56-րդ կիլոմետրով ընթացող ավտոբուսում հրդեհ է բռնկվել: Սեւանի հրշեջ փրկարարական ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ հրդեհի ահազանգն ստացվել է 12.03-ին, իսկ արդեն 13.20-ին հրդեհն անբողջովին մարված է եղել:




























