«Վիվասելլ-ՄՏՍ» ընկերությունը հերքել է Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունը Դիլիջանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ եւ ներկայացրել իր պարզաբանումները:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ իրականում օգոստոսի 19-ին ընկերության Kia-Sportage 084 UO 64 ավտոմեքենան մեկնել է Դիլիջան` ընկերության ալեհավաքային աշտարակի տարածք: Եղանակային պայմանները կտրուկ փոխվել են, եւ սկսել է տեղալ հորդառատ անձրեւ: Հետադարձի ճանապարհին, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, մեքենան խրվել է ցեխի մեջ: Վարորդն օգնության է կանչել ընկերության Իջեւանի մասնաճյուղի տեխնիկական աշխատակցին, որը դեպքի վայր է հասել իր UAZ 063 UO64 ավտոմեքենայով: Անբարենպաստ եղանակը , սակայն, խոչընդոտել է նաեւ օգնության գործընթացին. մեքենան սահել է, թեթեւակի հարվածել Kia-Sportage-ին եւ դարձյալ խրվել:
Ընկերության աշխատակիցներն օգնության են կանչել տեղի փրկարարներին: Նրանք դեպքի վայր են ժամանել ոտքով եւ հրելով` դուրս են բերել «գերության» մեջ հայտնված մեքենաներին:
Հայաստանի փրկարար ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, թե Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում գտնվող ալեհավաքային աշտարակի մոտ օգոստոսի 19-ին, ժամը 20.46-ին դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել եւ դուրս են եկել երթեւեկելի մասից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին պատկանող երկու ավտոմեքենա:




























