Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը օգոստոսի 22-ին կարձագանքի Վճռաբեկ դատարանի անունից օգոստոսի 20-ին երեկոյան տարածված գնահատականներին եւ «հորդորներին»: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի գրասենյակից:
Միաժամանակ, Պաշտպանի աշխատակազմը ընդգծել է, որ չնայած միջազգային եւ տեղական օրենսդրությանը երկարաշունչ վկայակոչումներին, որեւէ հիմնավոր փաստարկ, այդ թվում՝ «գաղտնիության խախտման» վերաբերյալ Վճռաբեկ դատարանի հայտարարությունում չի եղել:
Բացի դրանից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արձագանքել է դատավոր Իսկոյանի մամաուլում տեղ գտած գնահատականներին: «Ինչ փաստարկներ է ներկայացրել դատավոր Իսկոյանը իր հարցազրույցներում: Դատավորը պնդում է, որ կալանավորման հարցը քննելիս չի խախտել անձի անմեղության կանխավարկածի իրավունքը: Մինչդեռ, տվյալ գործով, կրկնակի քննության առնելով մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հարցը, որոշման պատճառաբանական մասում նա նշել է «…. այսինքն` առկա է հիմնավոր կասկած, որ մեղադրյալն առնչություն ունի կատարված հանցագործության հետ, որը հիմնավորվում է նրա հարցաքննության արձանագրությամբ …… »:
Հարկ է շեշտել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում կարող են կիրառվել խափանման միջոցները: Այդ հիմքերի մեջ չկա կասկածյալի կամ մեղադրյալի առնչությունը կատարված հանցագործությանը, քանի որ դա քննարկման առարկա դարձնելը կհանգեցնի անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտմանը:
Ինչ վերաբերում է թարգմանչով ապահովելու հարցին, ապա դատավորը նշել է, որ «…Մենք այդ հարցը քննարկել ենք մեղադրյալի պաշտպանի ներկայությամբ, ապահովել ենք նաև թարգմանչով, սակայն նա հրաժարվել է թարգմանչից` ասելով, որ տիրապետում է հայերեն լեզվին, հայկական դպրոց է գնացել»:
Մինչդեռ, ըստ փաստաբանի ներկայացրած հիմնավորումների, քրեական գործի նյութերով հաստատված է, որ մեղադրյալը հայերեն գրել եւ կարդալ չգիտի, այսինքն չի տիրապետում քրեական դատավարության լեզվին, ինչով պայմանավորված էլ, նախաքննական մարմնի որոշմամբ, նախաքննության ընթացքում ներգրաված է եղել թարգմանիչ: Թարգմանիչներ ներգրաված են եղել նաև գործի դատական քննության ժամանակ, ինչը երևում է դատավճռից», - ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պարզաբանման մեջ:




























