Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ոստիկանական վարչության բաժանմունքներից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել, հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» թերթը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ի գիշերը: Բաքվի Սաբունչու շրջանի ոստիկանական վարչության 14-րդ բաժանմունք ներխուժած անծանոթ անձը դանակահարել է երկու ոստիկանի, հայտնում է աղբյուրը:

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության պետ Էհսան Զահիդովը հաստատել է տեղի ունեցածը եւ հայտնել, որ օգոստոսի 21-ի երեկոյան վերոնշյալ վարչություն ահազանգ է ստացվել, որ Բաքվի բնակիչ  Ադալեթ Ալիեւը սպառնացել է սպանել ընտանիքի անդամներին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները Ալիեւին տանը չեն հայտնաբերել: Դրանից կես ժամ անց Ալիեւը ներխուժել է 14-րդ ոստիկականական վարչություն եւ դանակահարել երկու ոստիկանի: Ոստիկաններին տեղափոխել են հիվանդանոց, իսկ Ալիեւը ձերբակալվել է:

«Պոլիգոնը» նշում է, որ անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ալիեւը կնոջը սպանելու նպատակով կրակ է բացել նրա վրա «Մակարով» ատրճանակից, սակայն կինը չի տուժել: Դեպքի կապակցությամբ Բաքվի Սաբունչու շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: